Հումորիստ, երգիծաբան Սամվել Բաղդասարյանը որոշել է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում: Ի պատասխան այն հարցի, թե ինչու է որոշել առաջադրվել, ասել է` իր ընկերոջ պապիկը, որը միշտ հեռուստացույց է դիտում, ընկճախտի մեջ է, քանի որ, պապիկի խոսքով, ամեն ինչ նույնն է` կարծես նույն սցենարիստն է աշխատում բոլոր հեռուստասերիալների համար, և կարծես մի օպերատոր է` բոլոր հեռուստաընկերությունների համար, որովհետև անընդհատ նույն լուրն է բոլոր ալիքներով: Ուրեմն պետք է կարողանալ պապիկին ընկճախտից հանել:
Բացի այդ, ԱԺ-ն հետաքրքիր ոլորտ է, ԱԺ-ն մի տեղ է, որտեղ նստած մարդիկ մեր ապագայով են զբաղված: «Բա չլինե՞նք իրենց կողքին»,- ասում է երգիծաբանը:
Նա նաև ասաց, որ վերջին չորս տարիներին քիչ է աշխատել, մարդ կա` հավես չունի աշխատելու:
96 թվականից հետո իր երկրորդ կարևոր ասուլիսը երգիծաբանը սա է համարում:
Նրա խոսքով` երգիծանքի պակաս չկա, յուրաքանչյուր հեռուստատեսությունում երգիծաբան կա, ամեն երկրորդ «պադյեզդում» երկու երգիծաբան կա:
Նա հայտնեց, որ քաղաքական սատիրայով սկսել է զբաղվել 93-ից, բայց ժամանակի ընթացքում քաղաքական կերպարները ավելի հետաքրքիր են դարձել: Նա ներքին համոզմունք ունի, որ Հայաստանը ինչ-որ փոփոխությունների է գնում. քաղաքացու մեջ է դա երևում, թեև բացակայող հատվածը շատ է երկրում, իսկ ընդդիմությունը ցույցերին մարդկանց սակավությունը բացատրում է այդ 130.000 մեկնողներով:
Երգիծաբանը կարծում է, որ ներկա ԱԺ-ում երկու-երեք նիստերը հետաքրքիր են անցել, նկատելի է քաղաքական կուլտուրայի փոքրիկ բեմադրություն. ԱԺ-ն աշխատանք է տանում:
Քաղաքական սատիրան, ըստ նրա, սկսեց 90-ականներից պոստսովետական երկրներում զարգանալ, մինչդեռ վերջին հինգ-վեց տարիներին նահանջ է ապրում: Օրինակ` Գալկինը ավարտեց քաղաքական սատիրան, և եկել է մի շրջան, երբ քաղաքական սատիրան, որպես պրոդուկտ, օգտակար չէ:
Սամվել Բաղդասարյանին որոշում կայացնելու գործում օգնել են հայտնի քաղաքական գործիչները, երեք նախագահների հետ հանդիպումները, սկայպով խոսել է նաև Վանո Սիրադեղյանի հետ:
Առաջինը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: «Սամվել ջան, էս ծաղկող երկրում քո ի՞նչն է պակաս, ջահելի ի՞նչ տեղն ա ԱԺ-ն»,- ասել է Սերժ Սրագսյանը:
Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն էլ հետաքրքիր է անցել. «Շատ շոյված եմ նմանատիպ շատ նուրբ հարցի շուրջ քննարկում անցկացնելու համար: Մոտավորապես հասկանում եմ` քեզ ինչն է դուր գալիս ԱԺ-ում` կոճակը, ԱԺ-ում ռեմոնտից հետո այդ կոճակները էնքան սիրուն են, որ քիչ է մնում ես էլ գնամ սեղմեմ,- ասել է Քոչարյանը`ավելացնելով, որ արվեստի գործիչն անհամբեր մարդ է:- Եթե դու մտնում ես էդ դաշտ, պետք է սպասես, դու 15 տարիների ընթացքում չես կարողացել սպասել»,- ասել է Քոչարյանը:
Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ասել է. «Ես ողբում եմ, երբ արվեստի մարդը իր բան ու գործը թողած` ուզում է գնալ մի տեղ, որտեղ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում»: Նա նաև ասել է, որ ընտրապայքարը թեժ է լինելու:
Մի երկրում, որտեղ աներձագը, աները, փեսան, քավորը քաղաքական կատեգորիաներ են, ապա հումորիստն ու տաքսիստն էլ են քաղաքական կատեգորիազ;
Վանո Սիրադեղյանի հետ սկայպով է կապվել: Վանոն ասել է`էս երկրում դուզը ծուռ ա, էս երկրում ծուռը դզելու համար նախ` դուզը պետք է դզես:
Սամվել Բաղդասարյանը ասաց, որ քաղաքական գործիչները լուրջ պետք է մոտենան իրենց գործին, քանի որ հասարակությունն իրենց հետևում է: Երգիծաբանը չի առաջադրվելու:
Առաջիկայում նա մի մտահղացում ունի` դիմել երեք նախագաներին, որ նրանք հովանավորեն իր ներկայացումը:











































