Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ներկայացնել, որով ճանաչելու է ապստամբների կողմից ստեղծված Լիբիայի ազգային խորհուրդը` որպես միակ լեգիտիմ կառույց: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի լիբերալ կուսակցության ներկայացուցիչ Գի Վերհոֆստադը` հանդիպելով այդ խորհրդի ղեկավար Մահմուդ Ջաբրայիլի հետ: «Մենք պետք է սկսենք Անցումային ազգային խորհուրդը ճանաչելու գործընթացը` որպես լիբիական ժողովրդի միակ ներկայացուցչի»,- ասել է Վերհոֆստադը:
Միաժամանակ պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են ավելի զգուշավոր դիրքորոշում որդեգրել և չշտապել եզրակացություններում: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը, որը մասնակցել է այս քննարկումներին, նույնպես զգուշավորության կոչ է արել:
Ջաբրայիլն իր հերթին կողմ է արտահայտվել նման բանաձևի ընդունմանը: Նա չի բացառել, որ մոտ ապագայում, առանց ՄԱԿ-ի բանաձևի, Լիբիայի օդային տարածքը փակվի և չթույլատրվի որևէ օդանավի թռիչք: «Մեզ համար դա շատ կարևոր է, ամեն գնով դադարեցնել բռնությունները»,- ասել է նա` միաժամանակ ավելացնելով, որ ընդդիմադիրները դեմ են որևէ ցամաքային օտարերկրյա միջամտության իրենց երկիր: Այս մասին գրում է RBC-ն: