Tuesday, 23 04 2024
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»

«Ժառանգության» նամակը ՀՔԾ պետին

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պարոն Անդրանիկ Միրզոյանին
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ
Երևան, Հայաստանի Հանրապետություն

03.03.2011 թվականին, ժամը 11.00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության հարակից տարածքում, Հանրապետության հրապարակի կենտրոնում` գորգի վրա, և նախկինում տեղադրված Լենինի արձանի հարակից տարածքում ոստիկանները, կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, հարձակվել են և բիրտ ուժ են կիրառել բացօթյա առևտրի իրավունքից զրկված քաղաքացիների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի և Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև` կուսակցության վարչության անդամների և բողոքին միացած այլ քաղաքացիների հանդեպ, ովքեր ցանկանում էին ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում անցկացնել բողոքի գործողություն` ընդդեմ ՀՀ կառավարության: Ոստիկանների կողմից իրականացված անօրինականությունների և բռնարարքների հետևանքով` ծրագրված բողոքի գործողությունը հնարավոր չի եղել իրականացնել, որը հաստատող համացանցում տեղադրված տեսանյութերի հղումները բերված են ստորև:

Սույն թվականի մարտի 3-ին ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տարածել է երկու պաշտոնական հաղորդագրություն նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Առաջինը վերնագրված է` «ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ» (http://www.police.am/am/news/2010-10-28-18-27-30/2089-2011-03-03-20-57-26), երկրորդը` «ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ» (http://www.police.am/am/news/2010-10-28-18-27-30/2090-2011-03-03-23-09-14): Երկուսն էլ ոչ միայն կեղծ են և զրպարտիչ, հակասություններով լի, այլև մեկ անգամ ևս փաստում են ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք արարքների մասին:

ՀՀ իրավապահ մարմինները, մանրակրկիտ քննություն իրականացնելու պարտականության փոխարեն, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից տարածել են թվով երկու ստահոդ հաղորդագրություն, որով պաշտոնական կարծիք են հայտնել տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
«ԸՆԴԴԵՄ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ» հաղորդագրության մեջ ոստիկանությունն ընդունում է, որ բողոքի գործողության մասնակիցները հնարավորություն չեն ունեցել մոտենալ ՀՀ կառավարության շենքին: Այդ մասին վկայում են նաև «ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը և Արմեն Մարտիրոսյանը: Պատգամավորները վկայում են նաև, որ 2011 թվականի մարտի 3-ին, առավոտյան ժամը 10:30-ից իրենք ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանները կենդանի շղթայով փակել և արգելել ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք: Այդ արգելքի մասին նաև փաստում է www.tert.am. վեբ-կայքում տեղադրված տեսանյութը (http://www.tert.am/am/video/Q3t89hJ_yz0/):

Վերոնշյալ երկու հաղորդագրություններում էլ բացակայում են ոստիկանների կողմից ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքը կենդանի շղթայով փակելու և քաղաքացիների մուտքն այդ տարածք արգելելու իրավական հիմքերը: Այդ իրավական հիմքերի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ոստիկանությունը գործել է օրենքից դուրս` կոպտորեն ոտնահարելով ՀՀ քաղաքացիների մի շարք իրավունքները, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով և ՀՀ քրեական օրենսգրքի` ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ գլխում ամրագրված մի շարք հոդվածներով: Ոչ ցուցարարների, ոչ պատգամավորների, ոչ էլ լրագրողների պահանջը` ներկայացնել իրավական հիմքեր ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության շենքը 03.03.2011 թվականին, ժամը 10:30-ից ոստիկանական շղթայով փակելու, քաղաքացիների տեղաշարժը և մուտքը դեպի ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք և այնտեղ բողոքի ակցիա իրականացնելն արգելելու վերաբերյալ, մնացել են անպատասխան: Ոստիկանների կողմից Հանրապետության հրապարակում բողոքի գործողության մասնակիցներին և պատգամավորներին օղակի մեջ վերցնելը, նրանց նկատմամբ բռնություն կիրառելը, անօրինական կարգով բերման ենթարկելու փորձերը և բերման ենթարկելը’ քրեորեն հետապնդելի արարքներ են:

Տվյալ դեպքում ՀՀ ոստիկանության աշխատակիցները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով նախատեսված արարք` անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, բողոքի ակցիայի մասնակիցների` անմիջականորեն նրանց իրավունքներն ու օրինական շահերը շոշափող փաստաթուղթ (եթե կար այդպիսին) ոստիկանների կողմից ներկայացնելուց ապօրինի հրաժարվելը, հետագայում ՀՀ ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությամբ դիտավորյալ աղավաղված տեղեկություն ներկայացնելը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին պատճառել են վնաս` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածով:

ՀՀ ոստիկանության կողմից 2011 թվականի մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքը կենդանի շղթայով փակելու և քաղաքացիների մուտքն արգելելու վերաբերյալ պարզաբանումներ և հիմնավորումներ նույն օրը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում ներկայացրեց Երևան քաղաքի ոստիկանապետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը (հատվածներ այդ հաղորդմումից տեղադրված են հետևյալ կայքերում` http://www.youtube.com/watch?v=ygfQMAsQYO0 Ռոբերտ Մելքոնյան 1, http://www.youtube.com/watch?v=Sa1_YUO0mCM Ռոբերտ Մելքոնյան-2, http://www.youtube.com/watch?v=bQbqTTDRUcM Ռոբերտ Մելքոնյան. Երևանի փոխոստիկանապետ): Թե հաղորդման ընթացքում, թե Հանրապետության հրապարակում նրա պատասխանները պարունակում էին ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով նախատեսված արարք` քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը: Ռոբերտ Մելքոնյանը վկայեց, որ խախտել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքները` կապված իրենց քաղաքական հայացքների և ՀՀ կառավարությունից տարբերվող դիրքորոշման հետ:
Մելքոնյանը բողոքի գործողությունը խոչընդոտելու ժամանակ հրահանգներ է ուղղել ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, թե` «Դուք այստեղ ի՞նչ գործ ունեք` կանգնել եք ցուցարարների կողքին, գնացեք Կառավարության նիստերի դահլիճ և մասնակցեք նիստին, Ձեր տեղը դահլիճում է, այլ ոչ թե փողոցում»:
Մեջբերում ենք հատվածներ 03.03.2011 թվականին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում Ռոբերտ Մելքոնյանի ուղիղ խոսքից.

«…Սակայն չգիտեմ ինչի ենթարկվելով որոշ քաղաքական ուժերի հրամանների շարունակում են պայքարել հատկապես մի 40-50 հոգի…»,
«… չգիտեմ ինչի, մեր հարգարժան պատգամավորները` Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը հետագայում մի քիչ ավելի ուշ և հետագայում ավելի ուշ եկավ Ստյոպա Սաֆարյանը, փորձեցին հրահրել, ագրեսիվ գործողությունների տրամադրել մեր նշված քաղաքացիներին, փողոցային առևտուր կատարողներին և ոստիկանների մեջ սադրեցին նման իրավիճակ և ինչպես տեսնում եք կադրերից իրենց պահում էին պատգամավորին ոչ վայել, խփել, քաշել, թքել,… ոստիկանի ուսադիրները պոկել, վիրավորական արտահայտություններ անել…»,
«…կառավարության անդամը… գնում են պետական լուրջ հարցեր են քննարկում, իսկ էդ ընթացքում երբ որ նա գնում է տրամադրվելու պետական լուրջ կարևոր հարցերի քննարկմանը…»,
«…մենք պետք է իջնենք փողոցային մակարդակով Ազգային ժողովի պատգամավորների գլխավորությամբ…»,
«… ընդ որում, մեր Ազգային ժողովի հարգարժան պատգամավորները իրենց բարձրության վրա չգտնվեցին…»,
«…նույն լրագրողները, որոնք նկարում են ոստիկանների գործողությունները, թող գնան լրագրողական հետաքննություն անցկացնեն, թե մայրաքաղաքում ինչքան շուկաներ կան դատարկ, ինչ արտոնյալ պայմաններ ա ստեղծված նրանց համար, ինչ քաղաքակիրթ ձևերով պետք ա առևտուրն իրականացնել: Ինչի՞ չեն անում, թող անեն, լուսաբանեն և մի քիչ էլ դրական նայեն իշխանությունների գործողություններին: Ամեն ինչ սևացնելը, ամեն ինչ զրոյացնելը, ամեն ինչ սև գույնով տեսնելը ես համարում եմ հիվանդություն…»,
«…ճգնաժամ ա, վատ վիճակ ա, նման պայմաններում, ինչ ենք ուզում մենք իշխանություններից, ես էդ խումբը ժողովուրդ չեմ համարում: Ժողովուրդը` բժիշկն ա, որ իրա վիրահատությունն ա կատարում, ժողովուրդը հացթուխն է, որ իրանց գործողությունն են կատարում: էս խումբը, էս ամբոխավարությունը ամեն ինչի ընդունակ ա: Հիմա տեսեք, որտեղ մի փոքր բողոք եղավ, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» էս խումբը կողքները կանգնած են: Եվ Եհովայի վկաների նման հոգեորսությամբ են զբաղվում…»,
«…ես Դաշնակցությանը շատ եմ հարգում: Բայց ինձ թվում է, այս հարցում նրանք հապճեպություն են դրսևորել և այս հայտարարությունը մի քիչ շուտ են արել…»,
«…գոռալ կարելի ա, եթե նրանք արդարացի պահանջ են ներկայացնում…»,
«…ես կգնայի, որպես օրինապաշտ քաղաքացի, կհարգեի պետական մարմինների օրենքը, որը սահմանվել ա մայրաքաղաքում, կգնայի մինի շուկայում առևտուր կանեի: Հիմա բոլոր թաղամասերում էլ կան մինի շուկաներ, որոնք հիմա էլ կիսադատարկ վիճակում են: Եվ նորից եմ ասում, մարդիկ պատրաստ են մեկ ամիս, երկու ամիս մարդկանց իրենց կլիենտուրան հավաքելու համար թողեն որ ձրի աշխատեն: Ցածր գներով են թույլատրում, 500 դրամ ընդամենը, էլի չեն համաձայնվում: Փաստորեն սա արդեն շահարկում ենք…»,
«…իսկ ես գտնում եմ, որ պատգամավորը տվյալ պահին, եթե եկել կանգնել ա, իրա շահի համար ա պայքարում: Նա իր կուսակցության անդամներին լրացնելու համար էր պայքարում: Ռեյտինգ էր ուզում…»:
Մեջբերման ավարտ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված գործողությունները խոչընդոտ են հանդիսացել «Ժառանգություն» կուսակցության գործունեության և բացօթյա առևտրով զբաղվող անձանց միավորված խմբի համար, որը քրեորեն հետապնդելի արարք է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 161 հոդվածով` Միավորումներ (հասարարական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը
1. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունները նաև պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածով նախատեսված արարք’ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը. «պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով»:
Ռոբերտ Մելքոնյանը նաև խախտել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 5-րդ հոդվածները և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը:
Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի’ ոստիկանության գործունեության սկզբունքները. «ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների վրա: Ոստիկանությունն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ»: Մինչդեռ ոստիկանության աշխատակիցները որևէ կերպ վերը նշված իրենց պարտականությունները չեն իրականացրել:
Համաձայն «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի’ ոստիկանության գործունեությունը և մարդու անձեռնմխելիության երաշխիքները. «ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում: Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը»:
Մինչդեռ ոստիկանության աշխատակիցները որևէ կերպ վերը նշված իրենց պարտականությունները չեն իրականացրել:
Համաձայն «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի’ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները. «1. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
2. Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված` ոստիկանության ծառայողի վարվելակերպի (վարքագծի) և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են (այսուհետ՝ վարքագծի կանոններ):
3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել ոստիկանության ծառայողին վերջինիս վարվելակերպի առումով, ինչպես նաև իրազեկել քաղաքացիներին, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել ոստիկանության ծառայողից:
4. Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝
ա) հավատարիմ լինել երդմանը, ցուցաբերել անմնացորդ նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները և պետական լեզուն.
բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.
գ) նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության.
դ) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.
ե) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.
զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը….
ը) կատարելագործել սեփական մասնագիտական որակները, ունենալ պատշաճ իրավագիտակցություն և իրավական կուլտուրա.
թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ….
ժա) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.
ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.
ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին…
ժե) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.
ժզ) աջակցել օգնության կարիք ունեցող անձանց, հատկապես ծերերին, երեխաներին, հաշմանդամներին:
5. Վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը: Եթե ոստիկանության ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա ծառայողների համար դյուրին լինի վարքագծի սույն կանոնների պահպանումը»:
Ոստիկանների կողմից ՀՀ կառավարության շենքը կենդանի շղթայով փակելու և բողոքի գործողություն իրականացնել ցանկացող քաղաքացիների մուտքը դեպի ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք արգելելու փաստը նույնպես քրեորեն հետապնդելի արարք է` սահմանված ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածով` Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը:
Մեջբերում ենք հատվածներ 03.03.2011 թվականի տեսաձայնագրությունից, որը հրապարակվել է http://www.1in.am/arm/armenia_society_11746.html վեբ-կայքում.
«Զարուհի Փոստանջյան – Ինչ իրավունքով եք ձեռք տալիս մարդկանց, թող, մի բրթի
Ռոբերտ Մելքոնյան – դուք գնում եք գնացեք, տիկին պատգամավոր, բայց ինքը չի գալու
Հեղինե – ինչի՞
Ռոբերտ Մելքոնյան – նիստը ընդեղ խանգարում եք
Քաղաքացի – էդ ով ասեց, որ էս երկիրը քոնն ա
Անահիտ Բախշյան – ես տեսնում եմ ինքը ոչ մի բան չի անում
Ռոբերտ Մելքոնյան – Տիկին Բախշյան, ինքը խանգարումա նիստի աշխատանքներին
Անահիտ Բախշյան – լավ էլի, մի արեք ըտենց բան
Ռոբերտ Մելքոնյան – ոչ, դուք գնացեք, իսկ իրան թևի տակ մի տարեք
Քաղաքացի – չի լսվում ինչա ասում
Ռոբերտ Մելքոնյան – ձենդ կտրի, այլանդակ
Անահիտ Բախշյանը ոստիկան Ավետիսյանին – ինչ են անում, որ դուք ըսենց եք, ինչու եք ավելի հրահրում ժողովրդին
Ոստիկան Ավետիսյան – ուրեմն, առաջինը` ոչ մեկ ոչ մի բան չի հրահրում, երկրորդ` հրահրողը դուք եք, կառավարության անդամների հասցեին ամեն մի լկտի արտահայտություն թույլ տվողը դուք եք
Անահիտ Բախշյան – Դուք ո՞ւմ եք ասում, ի՞նձ եք ասում
Ոստիկան Ավետիսյան – Ձեզ եմ ասում, այո
Անահիտ Բախշյան – ոնց եք ասում
Ոստիկան Ավետիսյան – այ ըտենց էլ ասում եմ
Անահիտ Բախշյան – Դուք կարո՞ղ եք ապացուցել
Ոստիկան Ավետիսյան – Այո
Անահիտ Բախշյան – ոնց, որ ես կառավարության անդամների…
Ոստիկան Ավետիսյան – Ցածր ձայնով, ցածր ձայնով (բարձր ձայնով է ասում), տիկին ջան, ես ձեր հետ ցածր եմ խոսում, դուք էլ իմ հետ ցածր ձայնով խոսեք
Անահիտ Բախշյան – չհամարձակվեք էդ տոնով խոսեք ինձ հետ
Ոստիկան Ավետիսյան – այ էս տոնով էլ խոսալու եմ
Անահիտ Բախշյան – շատ իզուր
Ոստիկան Ավետիսյան – այ էս տոնով էլ խոսալու եմ
Անահիտ Բախշյան – եթե դուք ապացուցեք, որ ես կառավարության հասցեին որևէ… Սրան նայի հլը»:
Մեջբերում ենք հատվածներ 03.03.2011 թվականի տեսաձայնագրությունից, որը հրապարակվել է հետևյալ վեբ-կայքում.
http://www.epress.am/Video/%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AD%D5%B8%D5%B9%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1/

«Ռոբերտ Մելքոնյան – Արագացրեք, Պետրոսյան, հենց հիմա բաժին եք տանում, բաժին
Զարուհի Փոստանջյան – փորձվել եք մի հատ մատով կպնեք մարդկանց
Ռոբերտ Մելքոնյան – Մտեք թևերը, մտցրեք ավտոն տարեք
Զարուհի Փոստանջյան – էդ ապօրինի հրամանները չտաք էստեղ
Ռոբերտ Մելքոնյան – Դուք չեք որոշում, դուք գնացեք ձեր նիստին մասնակցեք, տիկին պատգամավոր
Զարուհի Փոստանջյան – Դուք միայն օրենքի հիման վրա կարող եք որոշումներ կայացնել, ոչ թե ապօրինի որոշումներ կայացնել, հարձակվեք մարդկանց վրա
Ռոբերտ Մելքոնյան – հետ ենք գնում, շղթա կազմեք հետ ենք գնում բոլորս
Արմեն Մարտիրոսյան – Հիմա ինչ, որ իրանք գան, չե՞ք թողնելու գնան իրանց բողոքը արտահայտեն
Ոստիկան Ավետիսյան – Ոչ, չենք թույլ տալու
Արմեն Մարտիրոսյան – Սա ռազմավարակա՞ն նշանակության օբյեկտ ա
Ոստիկան Ավետիսյան – պետք ա ռազմավարակա՞ն նշանակության օբյեկտ լինի, որ խանգարեն կամ չխանգարեն
Արմեն Մարտիրոսյան – անպայման, օրենքով հստակ սահմանված է, որ միայն ռազմավարական
Ոստիկան Ավետիսյան – Ոչ, սխալ գիտեք, սխալ գիտեք, գնացեք վերանայեք դուք մի հատ
Արմեն Մարտիրոսյան – վերանայելու կարիք չկա
Ոստիկան Ավետիսյան – գնացեք բացեք նորից կարդացեք
Արմեն Մարտիրոսյան – սխալ դուք գիտեք
Ոստիկան Ավետիսյան – իսկապես
Արմեն Մարտիրոսյան – Այո
Ոստիկան Ավետիսյան – ես էլ ասում եմ սխալ դուք գիտեք
Արմեն Մարտիրոսյան – սխալ դուք գիտեք, էդ օրենքին ես եմ դեմ քվեարկել, ես գիտեմ»:
Կեղծ ու զրպարտիչ են ՀՀ ոստիկանության երկու հաղորդագրություններում նշված հայտարարությունները, թե` «…ըստ ամենայնի, պատգամավորների խնդիրն ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր, կրքերը շիկացնելը, բախում հրահրելը քաղաքացիների և ոստիկանների միջև», «հնչեցին վիրավորանքներ ու հայհոյանքներ ինչպես ոստիկանների, այնպես էլ կառավարության անդամների հասցեին» և «մարտի 3-ին, ժամը 10-ից, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց վանկարկումներով, բղավոցներով և անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժը, ինչպեսև կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, և ոստիկանության ծառայողները` իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, փորձել են կարգի հրավիրել հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, սակայն նրանք Աժ պատգամավորներ, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, ավելի ուշ նրանց միացած Ստեփան Սաֆարյանի հորդորներով հրաժարվել են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին՝ շարունակելով խախտել հասարակական կարգը»:
Եթե ոստիկանությունը նշում է, որ, մեջբերում ենք’ «ըստ ամենայնի, պատգամավորների խնդիրն ակցիայի խաղաղ ընթացքը շեղելն էր», բողոքի գործողությունը’ ակցիան, պետք է տեղի ունենար Կառավարության շենքի հարակից տարածքում և բողոք ներկայացնողների պահանջը ուղղված էր կառավարությանը, մինչդեռ կառավարության շենքի հարակից տարածքը ամբողջությամբ ոստիկանական շղթայով փակված էր, և ոստիկանները թույլ չէին տալիս մուտք գործել այդ տարածք, հետևաբար` ակցիայի խաղաղ ընթացքը չէր կարող շեղվել, քանի որ այն չէր էլ սկսվել:
Եթե ոստիկանության առաջին հաղորդագրության մեջ նշվում է, թե բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն չեն ունեցել մոտենալ կառավարության շենքին, ապա երկրորդում և 03.03.2011 թվականին «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում Ռոբերտ Մելքոնյանը նշում են, թե բողոքի գործողությունը արգելվել է, քանի որ մասնակիցները ինչ-որ բառեր են վանկարկել, բղավել, հնչեցրել վիրավորանքներ և հայհոյել, խանգարել կառավարության նիստի բնականոն ընթացքը:
ՀՀ կառավարության շենքի դիմաց յուրաքանչյուր անձ կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքը` բողոքի գործողության տեսքով, որը կարող է տեղի ունենալ վանկարկումներով, բղավելով, սուր քննադատությամբ: Բողոքի գործողության մասնակիցն իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու բողոքի գործողության վայրը և ընթացակարգը, բողոքի գործողության մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ և ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաև օգտագործել բարձրախոսներ: Բողոքի գործողության մասնակիցը ինքն է ընտրում բողոքի արտահայտման ձևը:
Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության այն հայտարարությանը, թե բողոքի գործողության մասնակիցները վիրավորել կամ հայհոյել են ինչ-որ անձանց, ապա պարտավոր են ցույց տալ այդ անձանց, ովքեր տուժել են հայհոյանքից և համապատասխան ընթացակարգով քննություն իրականացնել: Եթե խոսքը վիրավորանքի մասին է, ապա տուժողն ինքը պետք է դիմի դատական պաշտպանության` համապատասխան հայց ներկայացնելով: Վիրավորանքը պետք է գնահատվի վիրավորվող անձի կողմից, այլ ոչ թե ՀՀ ոստիկանության: Ինչ վերաբերում է` ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքված քաղաքացիներն իրենց վանկարկումներով, բղավոցներով և անվայել արտահայտություններով կրկին խանգարել են կառավարության անդամների ազատ տեղաշարժը, ինչպեսև կառավարության հերթական նիստի բնականոն աշխատանքը, բացարձակ սուտ է: Կառավարության շենքի հարակից տարածքին հնարավոր չի եղել մոտենալ ժամը 10:30-ից:
Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
ՀՀ ոստիկանությունն իր զույգ հաղորդագրություններում միտումնավոր, որպեսզի խեղաթյուրի փաստերը, այդպես էլ չի պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ իրավական հիմքով է արգելվել քաղաքացիների մուտքը ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք:
2. Ի՞նչ իրավական հիմքով են ոստիկանության աշխատակիցները կենդանի շղթայով փակել ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքը:
3. Ի՞նչ իրավական հիմքով է արգելվել քաղաքացիների` ՀՀ կառավարության շենքի հարակից տարածքում բողոքի գործողություն իրականացնելը:
4. Որո՞նք են եղել ՀՀ ոստիկանության օրինական պահանջները` ուղղված բողոքի գործողության մասնակիցներին, ինչպե՞ս են այդ, այսպես կոչված, օրինական պահանջները փոխանցվել` հրապարակվել, հաղորդվել, ներկայացվել բողոքի գործողության մասնակիցներին:
5. ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված ոստիկանության ծառայողների կողմից «կոնկրետ գործողությունների ձեռնամուխ լինելու» մասին չի տրվել հստակ պատասխան, թե ո՞րն է եղել «կոնկրետ գործողությունների ձեռնամուխ լինելու» մասին որոշման հիմքը, պատասխան չի տրվել, թե ո՞վ և ե՞րբ է կայացրել նման որոշում և ի՞նչ տեսակի գործողությունների` «կոնկրետ գործողությունների ձեռնամուխ լինելու» մասին է հայտարարվել, «կոնկրետ գործողությունների ձեռնամուխ լինելու» մասին որոշումը հրապարակվե՞լ է, թե՞ ոչ, եթե` այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպիսի՞ «կոնկրետ գործողությունների ձեռնամուխ լինելու» մասին է հրապարակվել, ոստիկանության ծառայողների կողմից ինչպիսի՞ կոնկրետ գործողություններ են իրականացվել:
6. ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի և բողոքի գործողության մասնակիցների վրա հարձակում գործելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու և բերման եթարկելու փորձերի անհրաժեշտության և իրավաչափության վերաբերյալ որևէ պատասխան չի տրվել:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կողմից վերը նշված ապօրինի գործողությունների իրականացումը գնահատում ենք ոչ այլ ինչ, քան ՀՀ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից 2010թ. ապրիլի 14-ին հնչեցված սպառնալիքի և հակասահամանադրական, հակաօրինական հրահանգի իրականացում, որը վերաբերում է ընդդիմության կողմից բողոքի ակցիաները բիրտ եղանակներով ճնշելուն: Մեջբերում ենք. «Հայաստանում դա հնարավոր չէ: Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե որևէ մեկի մտքով դա անցնի: Լավ կլինի քաղաքակակիրթ ճանապարհով, քաղաքական ճանապարհով իրենց պայքարը տանեն, իսկ ով կփորձի նման միտք փայփայել իր մտքում, ընդամենը` խորհուրդ չեմ տալիս: Օրորոցում անմիջապես կպատժվի, եթե կփորձի հեղափոխական ճանապարհով փորձել ինչ-որ բան փոխել» (http://www.azatutyun.am/articleprintview/2012394.html):
Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները կատարել են մի շարք քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց հիման վրա պահանջում ենք կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություն` հարուցել քրեական գործ ապօրինի գործողություններ իրականացրած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Կից ներկայացվում են ՀՀ ոստիկանության 03.03.2011 թվականի հաղորդագրությունների պատճենները.

Զարուհի Փոստանջյան
Անահիտ Բախշյան
Արմեն Մարտիրոսյան
Ստյոպա Սաֆարյան
Լարիսա Ալավերդյան
Դավիթ Սանասարյան
Արամ Ենոքյան
Սեդա Մելիքյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում