Մարտի 9-ին Թունիսի դատարանը որոշում է կայացրել լուծարել երկրի իշխող «Ժողովրդավարական սահմանադրական միավորումը» (ԺՍՄ): ԺՍՄ-ն երկար տարիներ գլխավորել է երկրի արդեն նախկին նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Կուսակցության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ համաձայն չեն այս որոշման հետ և պատրաստվում են բողոքարկել այն: Դատարանը որոշել է ոչ միայն լուծարել ԺՍՄ-ն, այլև առգրավել կուսակցության հաշվեհամարների վրա եղած գումարներն ու ակտիվները:
Բռնապետի օրոք այդ կուսակցությունում ընդգրկված են եղել երկրի 12 միլիոն բնակչությունից 2 միլիոնը` հանդիսանալով միակ օրինական քաղաքական կառույցը վերջին 22 տարիների ընթացքում: Դատարանը համարել է, որ այս կուսակցությունը բազմիցս խախտել է Թունիսի Սահմանադրությունը: