Ըստ թուրքական «turizmhaberleri.com» կայքի՝ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության ղեկավար Համդի Թոփչուն հայտարարել է մոտ ապագայում Երևանում իրենց գրասենյակի բացման հնարավորության մասին. «ԱՄՆ-ում բնակվում է 1.2 միլիոն հայ, որից 500,000-ը` Լոս Անջելեսում: Վերջինս ամենաստվար հայկական բնակչություն ունեցող քաղաքներից մեկն է աշխարհում: Հայերը մեզանից ցանկանում են գնել մեծ պահանջարկ վայելող սպիտակ պանիր: Մենք էլ նրանց կմատակարարենք դա: Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև վերածվել կամրջի:
Հայկական սփյուռքը Ստամբուլի միջոցով է սփռվել համայն աշխարհում: Հայերի զգալի մասը Ստամբուլի միջոցով է Հայաստանից գաղթել դեպի ԱՄՆ: Այժմ գաղթածները ցանկանում են տեսնել իրենց պապերի հողը (ներկայիս Հայաստանը): Մենք ցանկանում ենք, որ դա իրականացվի Ստամբուլի միջոցով` առանց Ստամբուլում դադար առնելու:
Այս հարցում մեր պետական քաղաքականությունը դեռ նիրհի մեջ է: Մենք պատրաստվում ենք մեր գրասենյակը բացել Երևանում: Եթե մեզ դա հաջողվի, ապա շատ կարևոր քայլ կկատարենք երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրագրման հարցում»:
Հիշեցնենք, որ անցյալ աշնանն էլ խոսք էր գնում Վան-Երևան կանոնավոր ավիաչվերթների կազմակերպման մասին: