«Ֆերարի» թիմի ավտոարշավորդ Ֆելիպե Մասան իր գոհունակությունն է հայտնել «սկուդերիայի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Լուկա դի Մոնտեզեմոլոյին, Ստեֆանո Դոմենիկալիին ու ամբողջ թիմին իրեն վստահելու համար:
«Անչափ ուրախ եմ, որ նոր պայմանագիր կնքեցի: «Ֆերարի»-ն ինձ համար սպորտային ընտանիք է դարձել: Ֆորմուլա 1-ում ես միշտ վարել եմ մեքենաներ, որոնց վրա տեղադրված են եղել Մարանելոյում պատրաստված շարժիչներ, ու չեմ պատկերացնում ինձ այլ շարժիչով մեքենայի ղեկին:
Առաջին հերթին կուզենայի շնորհակալություն հայտնել Լուկա դի Մոնտեզեմոլոյին ու Ստեֆանո Դոմենիկալիին, ովքեր միշտ հավատացել ու աջակցել են ինձ, նույնիսկ կարիերայիս ամենաբարդ պահերին: Նրանք, ամբողջ թիմն ու երկրպագուները կարող են վստահ լինել, որ ես կանեմ ամեն ինչ, ինչն ուժերիս սահմաններում է, որպեսզի «սկուդերիային» օգնեմ հասնել այն նպատակներին, որ դրվում են թիմի առաջ»,- Մասայի խոսքերն է մեջբերում Autosport-ը: