ՀՀ վարչական դատարանը հրաժարվել է Հայ ազգային կոնգրեսի հարյուրից ավելի համակիրների՝ ՀՀ Նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ հայցը վարույթ ընդունելուց: 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների պատճառով տուժած քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել ՀՀ Նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների խախտման փաստը: Հայ ազգային կոնգրեսի շահերը ներկայացնող փաստաբան Վահե Հովսեփյանը տեղեկացրեց, որ Վարչական դատարանը պատճառաբանել է, որ քաղաքացիներն առանձին-առանձին կամ միասին կարող էին հայցը ներկայացնել դատարան: Իսկ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում: