Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթընն օրերս ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի արտգործնախարարների հավաքի ժամանակ անհրաժեշտ էր համարել ակտիվացնել գործակցությունը ծրագրի անդամների հետ եւ հատկապես ընդլայնել աջակցությունը այդ երկրների քաղաքացիական հասարակության միավորներին: Հայաստանը նույնպես ԵՄ «Արեւելյան գործընկերության» անդամ երկիր է: Օրերս էլ Հայաստանում քաղաքացիական հասարակության կարեւորության մասին խոսում էր ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ նախանշելով այդ հասարակության ակտիվության կարեւորությունը երկրում փոփոխությունների հասնելու գործում:
Եվրամիությունն ու ԱՄՆ-ը Հայաստանի, այսպես ասած, ժողովրդավարացման մեկենասներն են, որ տարիներ շարունակ փորձում են աշխատել թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների հետ, որպեսզի երկրում տեղի ունենան ժողովրդավարական բարեփոխումներ: Եվ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները նրանց համոզում են, որ երկիրը բարեփոխում են, որ ժողովրդավարությունն առաջընթաց է ապրում Հայաստանում: Իրական կյանքում բոլորս ենք տեսնում, որ դրանք լոկ խոսքեր են, որոնց նպատակը ժողովրդավարության «մեկենասներին» մոլորեցնելը կամ խաբելն է:
Հակված չենք մտածել, որ նրանք այդքան շուտ եւ հեշտ խաբվող են: Նրանք այդ խոսքերը «հալած յուղի» տեղ են դրել պարզապես ինչ-ինչ քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահերից ելնելով, նաեւ մտածելով, որ Հայաստանի իշխանությունների հետ մուկնուկատու խաղալով՝ գուցե ինչ-որ արդյունքի հասնեն Հայաստանի ժողովրդավարացման հարցում, իսկ ավելի մեծ ճնշումը կարող է պարզապես իշխանությանը ստիպել ամբողջությամբ` ոտ ու գլխով նետվել Ռուսաստանի գիրկը: Սակայն, ըստ երեւույթին, Եվրոպան եւ Ամերիկան սկսել են գիտակցել, որ մուկնուկատուն էլ սկսել է արդյունքներ չտալ, եւ Հայաստանը, այսպես թե այնպես, գլորվում է դեպի ռուսական կայսրության գաղութի կարգավիճակը, ինչը նշանակում է, որ ժամանակն է փոխել Հայաստանի հետ հարաբերվելու, Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ խթանելու մարտավարությունը կամ մեթոդաբանությունը:
Թերեւս, հենց դրանով է պայմանավորված, որ այդ կարճ ժամանակամիջոցում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության կողմից շեշտադրում է արվում քաղաքացիական հասարակության սեգմենտների ուղղությամբ: Ըստ երեւույթին, ԱՄՆ-ն ու Եվրոպան արդեն լիովին հասկացել են, որ, օրինակ, Հայաստանում իշխանությունը չի կարող իրենց համար լինել ժողովրդավարական արժեքների, քաղաքացիական արժեհամակարգի տարածման եւ ամրապնդման գործընկեր: Եվ այդ գիտակցումն է, թերեւս, ստիպել, որ նրանք, ըստ էության, գործընկերության կոչ անեն հասարակությանը՝ հանդես գալով քաղաքացիական մոդելների մասին կոնկրետ առաջարկներով:
Այլ կերպ ասած՝ կարծես թե նշմարվում են իշխանություններից ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հիասթափության ձնծաղիկները: Այժմ շատ կարեւոր է, որ հասարակությունը Հայաստանում նրանց նույնպես չհիասթափեցնի՝ որպես ժողովրդավարության եւ քաղաքացիա-իրավական հասարակարգի գործընկեր: Բայց նաեւ շատ կարեւոր է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան էլ չհիասթափեցնեն Հայաստանի հասարակությանը եւ հավատարիմ մնան գործընկերային պարտավորություններին ու հասարակության թիկունքում քաղաքական գործարքներ չկնքեն իշխանության հետ: