Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Վրաստանում ռուսական հետախուզության օգտին լրտեսական գործունեության մեջ մեղադրվող մոտ երկու տասնյակ անձանցից առնվազն երկուսը հայեր են, այս մասին տեղեկացնում են վրաստանյան մի շարք աղբյուրներ: Վրաստանյան InterPressNews գործակալությունը, վկայակոչելով փաստաբան Նանա Ցուլաձեին, տեղեկացնում է. «Իրավապահները հոկտեմբերի 17-ին ձերբակալել են Վրաստանի քաղաքացիներ Արմեն Գեւորգյանին եւ Ռուբեն Շիկոյանին»:
Քիչ առաջ Новости-Грузия-ն, հղում կատարելով Еxpressnews-ին, հայտնեց, որ «Ջավախք» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը հայտնել է, որ Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը կազմակերպության անդամներ են. «Մենք չենք հավատում, որ այս երկու անձինք լրտեսական գործունեություն են ծավալել ընդդեմ Վրաստանի: Վերջին շրջանում մեր շարժման նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվել»,- ասել է Թորոսյանը:
Ի դեպ, Թորոսյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կազմակերպության անդամներ Արմեն Գեւորգյանի եւ Ռուբեն Շիկոյանի ձերբակալման առիթով տեղեկատվությունը ուղարկվել է Երեւան` Դաշնակցություն կուսակցությանը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը: