ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ստյուարտ Լեւին Ադրբեջանին եւ Թուրքիային մեղադրել է Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու մեջ։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ անցյալ ամիս տարածաշրջան, այդ թվում ` նաեւ Ադրբեջան կատարած այցի ժամանակ Լեւին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի մոտ հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը ընդլայնում են տնտեսական կապերն այդ երկրի հետ, որն էլ հակասում է ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցներին. «Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը, սակայն համարվում են այդ խնդրի խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցներ։ Իրանը սահմանակից է այդ երկրներին։ Ես ենթադրում եմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ցանկանում վատացնել իրենց հարաբերությունները Իրանի հետ։ Նրանք տնտեսական կապերը զարգացնում են, սակայն միաժամանակ մտավախություն են հայտնում իրանական խնդրի լուծման վերաբերյալ, քանի որ համարում են, որ ցանկացած այլ որոշում կարող է հանգեցնել կայունության խախտման` ողջ տարածաշրջանում»,- ասել է Լեւին։