Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման հարցում չի օգտագործի Հայոց ցեղասպանության «խաղաթուղթը»: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` անդրադառնալով թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի` ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան հրաժարվի իր տարածքում տեղակայել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրեր: «Նման բան չկա: Մեր դեմ դաշնակից եւ բարեկամ երկիրը երբեք որեւէ թեմա որպես խաղաթուղթ չի օգտագործել եւ չի օգտագործելու: Դա հակասում է դաշնակից հասկացությանը»,- հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ օրերս Hurriyet Daily News պարբերականը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, գրել էր, որ Վաշինգտոնն Անկարային դիվանագիտական խողովակներով ուղերձ է հղել այն մասին, որ եթե Անկարան մերժի Միացյալ Նահանգների` Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկությունը, ապա Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: