Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչների հաղորդմամբ, Վրաստանն ու Ռուսաստանը սկսել են Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելու շուրջ բանակցությունները: Այս մասին գրում է ամերիկացի լրագրող Ջոշ Ռոգինը Foreign Policy պարբերականի իր բլոգում: Սակայն նրա տեղեկություններով, ԱՄՆ վարչակազմը կապ չունի այդ բանակցությունների հետ:
Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, և նրա բանակցությունների հիմնական թեման հենց Ռուսաստանի անդամակցությունն է ԱՀԿ-ին: Վրաստանի դիրքորոշումը արդեն երկար ժամանակ խոչընդոտում է Մոսկվայի մուտքը:
«Ռուսաստանն ու Վրաստանը առևտրի բնագավառում խնդիրներ ունեն, որոնք պետք է լուծվեն: Գործընթացը շարունակվում է: Քանի որ ներգրավված չենք դրանում, չեմ կարող գնահատականներ տալ»,- վերջերս ասել էր ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով տնօրեն Մայքլ Մաքֆոլը: Նա նաև շեշտել էր, որ Վաշինգտոնը չի միջամտելու այդ հարցերին, քանի որ դա երկկողմ, այլ ոչ թե եռակողմ բանակցությունների խնդիր է: