3-րդ տուրում աշխարհի առաջնության ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ Ռուսաստանի հավաքականը հանդիպեց Կանադայի հավաքականի աղջիկների հետ: Այս հանդիպումն էլ ռուս վոլեյբոլիստուհիների համար շատ արագ եւ հեշտ ստացվեց:
Ռուսների համար այս հանդիպումը կարծես թե պարապմունք լիներ: Ռուսաստանը տոնեց իր հերթական հաղթանակը` 3-0 հաշվով: Իսկ ահա Կանադայի հավաքականը կրեց իր երրորդ պարտությունը: Ռուսաստանի հավաքականը 3 խաղից հետո 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է «Դ» ենթախմբի մրցաշարային աղյուսակը:
Այս առաջնության Ռուսաստանի ընտրանու գլխավոր մրցակիցն է լինելու Պեկինի օլիմպիական չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որն իր հերթին ջախջախեց Հոլանդիայի նման ուժեղ թիմին` 3-0 հաշվով: Այնպես կարող է ստացվել, որ հենց այս երկու հավաքականները հայտնվեն եզրափակիչում: Նշենք նաեւ, որ այս առաջնությունում Կուբայի հավաքականի հետ ինչ-որ բան է կատարվում: Երեք հանդիպումներում նրանք ընդամենը մեկ հաղթանակ են նշել. Կարողացել են հաղթել Ղազախստանի բավական թույլ ընտրանուն, այն էլ` դժվարին պայքարում` 3-2 հաշվով, իսկ ահա Գերմանիայի եւ Խորվաթիայի հավաքականների հետ Կուբայի հավաքականը կրել է ջախջախիչ պարտություններ` 0-3 հաշվով: