Curiosity մարսագնացը պատրաստվում է մարսիական հողից առաջին նմուշները վերցնել: Այս մասին հայտնում է NASA տիեզերական գործակալության մամլո ծառայությունը: Գիտնականների փոխանցմամբ` հողից առաջին նմուշներն ապարատը կվերցնի հոկտեմբերի 6-ին:
Նմուշներ վերցնելը բարդ գործընթաց է: Սկզբում մարսագնացը պետք է հատուկ գոգաթիով հավաքի հողը, այնուհետև անցկացնի հատուկ զտիչով` երկրային ծագմամբ անցանկալի աղբն առանձնացնելու համար: Այդ գործընթացը կկրկնվի երեք անգամ, որից հետո Curiosity-ն կսկսի հողի քիմիական կազմի ուսումնասիրությունը, ինչը թույլ կտա ավելի լավ հասկանալ Կարմիր մոլորակի կառուցվածքը:
Ինչպես ենթադրում են գիտնականները, ջուր չունեցող սառը մոլորակը նախկինում ունեցել է ավելի տաք և մեղմ կլիմա:
2,5 մլրդ դոլար արժեքով լաբորատորիայի աշխատանքը մոլորակի վրա կտևի մարսիական մեկ տարի` երկրային 686 օր:











































