Հակակառավարական ցույցերը, որոնք շարունակվում են արաբական մի շարք երկրներում և հանգեցրել են Թունիսում և Եգիպտոսում իշխող ռեժիմների անկմանը, կարող են նաև սկսվել և Թուրքիայում: Այս մասին հայտարարել է թուրքական հետախուզության նախկին վերլուծաբան Մահիր Քայնակը` հարցազրույց տալով Trend գործակալությանը:
«Հնարավորություն կա այս իրավիճակը տեսնելու նաև Թուրքիայում, մասնավորապես դա վերաբերում է երկրի արևելյան և կենտրոնական շրջաններում»,- ասել է Քայնակը: Տեղեկացնենք, որ Թուրքիայի վերոնշյալ տարածքները բնակեցված են հիմնականում քրդերով և սոցիալ-տնտեսական առումով ամենավատ զարգացվածներն են:
Քայնակը նաև ասել է, որ վերջին իրադարձություններն արաբական աշխարհում դրական ազդեցություն են ունեցել Թուրքիայի` տարածաշրջանային դիրքորոշման վրա: Նախկին հետախույզը նաև ասել է, որ բողոքի մեծ ցույցեր կլինեն նաև Իրաքում, Սիրիայում և Իրանում: