Այսօր Ժնևում սկսվում են Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների կարգավորմանը նվիրված վեցակողմ բանակցությունները,- հաղորդում է Trend-ը:
Վրացական կողմը հերթական անգամ մտադիր է պահանջել ռուսական կողմից՝ ընդունել ուժի չկիրառման մասին պահանջը, սակայն Ռուսաստանը չի համաձայնում դրան՝ պատճառաբանելով, թե հակամարտության կողմ չէ: Այս խնդիրը բանակցություններում վաղուց է դրված և հակասությունների հիմնական աղբյուրն է: Ռուսները Թբիլիսիին կոչ են անում նման համաձայնության գալ Սուխումի և Ցխինվալի հետ:
Ժնևում քննարկվելիք հաջորդ էական հարցը «Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության միջազգային մեխանիզմների ներդրումն է»: Թբիլիսին ցանկանում է Աբխազիայում և Հարավային Օսիայում միջազգային խաղաղապահ ուժեր տեսնել, այդ թվում՝ ոստիկանական:
Քննարկվելու է նաև բռնի տեղահանվածների` իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի խնդիրը: