Կիրակի օրն ավարտվեց Սանկտ Պետերբուրգում ընթացող թենիսի տղամարդկանց մրցաշարը: Եզրափակիչում հայտնվեցին աշխարհի 10-րդ ռակետ, ռուս թենիսիստ Միխայիլ Յուժնին եւ Ղազախստանի ներկայացուցիչ Միխայիլ Կուկուշկինը: Ժամանակին Կուկուշկինը հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի տակ, բայց այդ ժամանակ Ռուսաստանում նրա վրա ոչ մեկն ուշադրություն չէր դարձնում, եւ Կուկուշկինը ստիպված ընդունեց Ղազախստանի քաղաքացիություն եւ այժմ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո: Հիշեցնենք, որ եւս երկու թենիսիստ` Կարալովը եւ Գոլուբեւը, նույնպես ստիպված են հանդես գալ Ղազախստանի հավաքականում: Այդ պատճառով Կուկուշկինի համար այս եզրափակիչն անչափ կարեւոր էր. նա պետք է հաղթանակով ապացուցեր, որ իզուր էին նրա հետ այդպես վարվել: Ու չնայած որ Յուժնին անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը` այնուամենայնիվ, Կուկուշկինը 2 սեթերում հաղթանակի հասավ 6-3, 7-6 հաշվով եւ իր պրոֆեսիոնալ կարիերայի մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ ATP-ի մրցաշարում: