Ամեն անգամ, երբ ոստիկանական որևէ բռնություն է կիրառվում քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող որևէ խմբի, ընդդիմադիր տրամադրություն արտահայտող որևէ շերտի հանդեպ, հնչող գնահատականները կարծես թե միանշանակ են` ռեժիմը հոգեվարքի մեջ է և ապրում է իր վերջին մետաստազները:
Սակայն ժամանակն անցնում է, իսկ մեծ ու փոքր բռնությունները, ազատության բռի ու բիրտ սահմանափակումները շարունակում են մեկը մյուսին, իսկ կատարողները մնում են անպատիժ:
Պարզ է, որ եթե իշխող վարչակարգը նման ձևերով է հարաբերվում սեփական երկրի քաղաքացիների անգամ ոչ մեծ խմբերի հետ, ապա դա վկայում է վարչակարգի լիակատար սնանկության մասին: Բայց խնդիրն այն է, որ անպատիժ բռնությունները կարող են նաև խնդիրներ առաջացնել հասարակական հոգեբանության առումով: Որքան էլ որ իշխանական բռիությունը սրում է քաղաքացիական ազատությունների պահանջը, հակադարձ ազդեցությամբ է՛լ ավելի մեծացնում ռեժիմի հանդեպ քաղաքացիների դժգոհությունն ու պայքարի եռանդը, միևնույն է, իշխանական բռնության անպատժելիությունը կամ անհամարժեք պատժելիությունը հասարակության շատ շերտերում թողնում է նաև այն ազդեցությունը, թե «իշխանության դեմ խաղ չկա»:
Հետևաբար, այստեղ իսկապես լուրջ խնդիր է առկա: Մի կողմից` կա չնահանջելու, ոստիկանական ուժին տեղի չտալու անհրաժեշտությունը, որպեսզի իշխանության մոտ չստեղծվի այն տպավորությունը, որ քաղաքացիները սկսել են տեղի տալ բռնությանը, իսկ մյուս կողմից էլ` կա այն հարցը, որ ի վերջո գուցե արժե մտածել իշխանության հետ նմանօրինակ ուժային առճակատումներից հնարավորինս խուսափելու մասին, եթե այդ առճակատումները ի վերջո մնալու են անպատժելի, և հասարակությունը չի կարողանալու, օրինակ, հասնել մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելուն:
Վերջիվերջո, ո՞րն է նման լոկալ բախումների արդյունքը քաղաքացիական պայքարի արդյունավետության տեսանկյունից: Թերևս անհրաժեշտ է, որ Հայաստանում իրավունքի և ազատության համար պայքարի ելած խմբերն ու շարժումները փորձեն գտնել այդ հարցի պատասխանը որոշակիորեն ռազմավարական տեսանկյունից: Հակառակ պարագայում այդ բախումները դառնում են հասարակական էներգիայի ուղղակի կամ անուղղակի ապարդյուն մսխում, որքան էլ որ պայքարը արդարացի է, պահանջները օրինական, իսկ դիմացի ուժն էլ բիրտ ու ապօրինի: Հասկանում ենք, որ նման հարցադրումը շատերի մոտ կարող է ընկալվել որպես ոստիկանական գործողությունների անուղղակի արդարացում: Սակայն այդ ընկալումը կլինի չափազանց մակերեսային և բացարձակ սխալ:
Խնդիրն ընդամենը այն է, որ երբ քաղաքացիական հասարակության պայքարում առկա է ուժերի և ռեսուրսների անհավասարություն` հօգուտ իշխանական ռեպրեսիվ մեքենայի, անհրաժեշտ է ամեն քայլի մասին ունենալ թե՛ տակտիկական, թե՛ ստրատեգիական ամբողջական պատկերացումներ, որովհետև քաղաքացիական ռեսուրսները առայժմ դեռ շատ սուղ են և պետք է ամեն մի նշույլը օգտագործվի խիստ խնայողաբար, հաշվարկած, առավելագույնս արդյունավետ թե՛ տվյալ պահի, թե՛ ընդհանուր պայքարի ռազմավարության իմաստով: