Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 10-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին «Մայնց»-ը, որն անսպասելիորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, եւ երկրորդ հորիզոնականում գտնվող Դորտմունդի «Բորուսիա»-ն: «Մայնց»-ը այս խաղից առաջ 2 միավորի առավելություն ուներ «Բորուսիա»-ի նկատմամբ, սակայն դորտմունդցիները թույլ չտվեցին, որպեսզի «Մայնց»-ը ավելացնի միավորների տարբերությունը: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն վաղուց այսպիսի հիասքանչ խաղ չէր ցուցադրում, եւ առաջնությունից առաջ ոչ մեկը չէր սպասում, որ թիմը կարող է այսպիսի հաջողությունների հասնել: «Բորուսիա»-ի համար «Մայնց»-ը ոչ մի լուրջ դիմադրություն չկարողացավ ցուցադրել, եւ արդեն 26-րդ րոպեին Գերմանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոցեն, բացելով խաղի հաշիվը, խփեց հաղթական գնդակը, բայց «Բորուսիա»-ին 1-0 հաշիվը չբավարարեց, ու ապահովության համար Պարագվայի հավաքականի հարձակվող Լուկաս Բարիոսը կրկնապատկեց հաշիվը: «Բորուսիա»-ն 2-0 հաշվով առավելության հասավ եւ 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք, որ բազմաթիվ ֆուտբոլային մասնագետներ հենց Գյոցեին են համարում Գերմանիայի հավաքականի ապագան: