Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի վերջին` 6-րդ փուլի 8-րդ տուրում իր առաջին պարտությունը կրեց Հայաստանի երկրորդ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Հայ գրոսմայստերը խաղում էր սև ֆիգուրներով և մինչև վերջին պահը հավասար պայքար էր մղում մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում ընթացող հնդիկ Համփի Կոնեյրուի հետ, սակայն 38-րդ և 40-րդ քայլերին Էլինան երկու կոպիտ սխալ թույլ տվեց և 42-րդ քայլին ստիպված էր ընդունել պարտությունը:
Չնայած կրած պարտությանը` Դանիելյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդողներին գերազանցում է մեկ միավորով:
Երկրորդ տեղում ընթացող Մարի Սեբան ոչ-ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ և այժմ վաստակած 5.5 միավորով Կոնեյրուի հետ կիսում է երկրորդից երրորդ հորիզոնականները:
Պարտություն կրեց նաև Հայասատանի առաջին շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը, ով նույնպես խաղում էր սև խաղաքարերով: Այս մրցաշարում անհաջող հանդես եկող Մկրտչյանն ընդամենը 30 քայլ կարողացավ դիմադրել վրացուհի Նանա Ձագնիձեին: