«1988 թվականից ի վեր մենք տեղեկատվական պատերազմ վարելու մշակույթ չենք ունեցել: Չենք ունեցել վերլուծական կենտրոններ, քարոզչություն վարելու բանաձևեր և այլն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Խոսելով տեղեկատվական պատերազմի ներկա իրավիճակի մասին` հոգեբան Հրանտ Ավանեսյանը նշեց, որ հիմա մենք ոչ թե տեղեկատվական պատերազմի մեջ ենք, այլ տեղեկատվական տագնապի:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ իր խոսքում ասաց, որ մենք ավելի ակտիվ քարոզչություն իրականացնելու համար շատ լավ հնարավորություններ ունենք, սակայն չենք օգտագործում դրանք: Նա նշեց, որ թեև Հայաստանում արդեն ունենք 5 հեռուստաալիքներ, որոնք հեռարձակվում են արբանյակով, սակայն ոչ մի ալիքով չեն ցուցադրվում ռուսերեն, անգլերեն և ամենակարևորը` ադրբեջաներեն հաղորդումներ:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն էլ իր հերթին նկատեց, որ այս պարագայում կարևորը ոչ թե քանակն է, այլ այն, թե ինչ է ասվում և ինչպես: