Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին (1991, 1996, 1997-1999) վարչապետ Մեսութ Յըլմազը Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելն ամբողջովին կապված է Հայաստանի բռնած դիրքորոշման հետ: Սակայն ժամանակն աշխատում է նրա դեմ, և այլևս անհնար է, որ Երևանը շարունակի պահպանել այդ դիրքորոշումը: Արդյունքում, Հայաստանն անպայմանորեն պարտվելու է:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը հանդիսանում է տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման, միջազգային խնդիրների լուծման երաշխիք: Մեր երկու երկրների միավորումը խաղաղություն է ապահովում տարածաշրջանում: Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Ոչ վաղ անցյալում Հայաստանի քաղաքականությունը Անկարայի ու Բաքվի միջև հարաբերությունների որոշակի սառեցման պատճառ հանդիսացավ, սակայն մենք կարողացանք հաղթահարել դա: Այնպիսի նախագծերի իրագործումը, ինչպիսին է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը, Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները դնում է ավելի բարձր մակարդակի վրա: Ողջ Թուրքիան այսօր հպարտանում է ներկայիս Ադրբեջանով»:
Յըլմազը հիշեցրել է, որ վերջին անգամ Բաքու է այցելել 1998 թվականին, և այս ընթացքում Բաքուն շատ է փոխվել:










































