Իսպանական երգիծական El Jueves ամսագիրը հրապարակել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը՝ ի զորակցություն ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի, որը սպառնալիքների է ենթարկվում նմանատիպ ծաղրանկարի հրապարակման համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Շապիկին արված նկարում պատկերված է ոստիկանությունում ճանաչման տեսարան և գրված է. «Ինչ-որ մեկը գիտի՞՝ ինչ տեսք ունի Մուհամմեդը»: Պարբերականի խմբագրական կոլեգիայի անդամ Խոսե Լուիս Մարտինը, պատասխանելով այն հարցին, չի վախենո՞ւմ արդյոք մուսուլմանների վրեժից, նշել է, որ «լրագրողներն իրավունք չունեն ինքնագրաքննությամբ զբաղվել սպառնալիքների պատճառով»:
«Մենք ասում ենք, որ միշտ քայլում ենք դանակի սայրի վրայով: Դա մեր մասնագիտական պարտքն է: Հույս ունեմ,որ մեզ հետ ոչինչ չի պատահի»,- ասել է նա:
Խոսելով ծաղրանկարների և «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հետևանքով մուսուլմանական աշխարհում բարձրացած բողոքի ալիքից՝ Մարտինն ասել է, որ դրանք «միայն առիթ են այն մարդկանց համար, որոնք առանց այդ էլ պատրաստ են դիմել բռնության»: «Խոսքի ազատությունը վեր է կրոնական մոլեռանդությունից»,- եզրափակել է լրագրողը:









































