Թուրքական Radikal թերթում հրապարակվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի վերաբերյալ Ջունեյթ Օզդեմիրի հոդվածը: Հոդվածագիրը նշում է, որ PKK-ն երբեք զենքը վայր չի դնի՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն կոչը, որ եթե PKK-ն վայր դնի իր զենքը, ապա ռազմական գործողությունները կդադարեցվեն.
«Այսօր երկրի հարավ-արևելքում թափվող արյան դադարեցման վերաբերյալ կառավարությունն ունի բազմաթիվ մտահղացումներ: Չնայած դրան՝ կառավարությունը ներկայացնում է մի նախապայման, որը մենք բոլորս արդեն անգիր ենք արել. «PKK-ն պետք է վայր դնի զենքը»: Կառավարությունը խոստանում է, որ դրանից հետո կդադարեցվեն ռազմական գործողությունները, քրդերին կշնորհվեն ցայժմ նրանց պահանջած բոլոր իրավունքները և մեծ ներդրումներ կարվեն քրդաբնակ շրջաններում:
Սակայն դատելով վերջին 30 տարիների զարգացումից՝ հարկ է նշել, որ PKK-ն երբեք էլ վայր չի դնի իր զենքը: Դա տեղի չունեցավ անգամ Աբդուլլահ Օջալանի ձերբակալությունից հետո: PKK-ի ամենահզոր զենքը ոչ թե հրթիռն է, հրանոթը կամ տանկը, այլ՝ անսպառ մարդկային ուժը, ինչի համար էլ արդեն 30 տարի է, ինչ աշխարհի ամենամեծ բանակներից մեկը չի կարողանում լեռներում ծնկի բերել PKK-ին:
Քանի դեռ Թուրքիան չի վերացրել մարդկանց՝ լեռներ բարձրանալու ճանապարհը հարթող պայմանները, PKK-ն վայր չի դնի իր զենքը: Այդ պայմաններն են մարդկանց ստիպում բարձրանալ լեռները և պայքար մղել: Քանի դեռ լեռներում մնացել է մեկ PKK-ական, ապա դրա պատճառը դրան նպաստող պայմանների առկայությունն է: Իսկ զենքը վայր դնելու վերաբերյալ PKK-ին արված կոչերը դատարկ խոսքեր են»:










































