Դոհայում ավարտվեց թենիսի կանանց՝ աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը: Դեռ խմբային փուլի ժամանակ, երբ Բելգիան ներկայացնող Կիմ Կլայստերսը հանդիպեց ռուս թենիսիստուհի Վերա Զվոնարյովայի հետ, նա այդ հանդիպումը պարզապես տանուլ տվեց, որպեսզի կիսաեզրափակիչում չհանդիպի Կարոլինա Վազնակիի հետ: Այդպես էլ կատարվեց, նա կիսաեզրափակիչում հանդիպեց Ավստրալիայի ներկայացուցիչ Սամանտա Ստոսորի հետ եւ հաղթանակի հասավ 2 սեթերում: Իսկ ահա Զվոնարյովան կիսաեզրափակիչում պարտվեց Կարոլինային: Եւ ահա, հոկտեմբերի 31-ին կայացավ Կլայստերս-Վազնակի եզրափակիչ հանդիպումը: Հիշեցնենք, որ այս թենիսիստուհիները հանդիպում էին ընդամենը երկրորդ անգամ, առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա Ամերիկայի բաց առաջնության ժամանակ: Այս անգամ էլ Կլայստերսին հաջողվեց պարտության մատնել Վազնակիին` 6-3, 5-7, 6-3 հաշվով: Կլայստերսը, ընդանուր առմամբ, այսպիսի մրցաշարում տոնեց իր երրորդ հաղթանակը: