Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության` Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանել է Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք, թե Հայաստա՞նն էլ պետք է հանդես գա համարժեք քայլով: Դաշնակցական գործիչը թուրքական ԶԼՄ-ներով տարածած տեղեկատվությունը համարեց ենթադրություն, քանի որ չկա հրապարակված համապատասխան փաստաթուղթ: Նա կարծում է, որ Հայաստանը երբեք էլ թուրքերի համար վտանգ չի ներկայացրել` հակառակ այն բանի, որ մեր երկիրը ընդգրկված է եղել Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցանկում: Ըստ Կիրո Մանոյանի` Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը: Դաշնակցական գործիչը, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցում բանակցությունները, կարծում է, որ Թուրքիան այսօր ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրի համար: