Գուգարքի անտառնտեսությունում ընդհանուր անտառային պետական ֆոնդը 32 հազար հա է, որից 25-ը` անտառածածկ: էներգետիկ ճգնաժամի տարիներին ապօրինի ծառահատումները շատ էին: Գուգարքի անտառտնտեսությունում այդ տարիներին մի քանի հազար հա անտառ է ոչնչացվել: Սակայն, ըստ Գուգարքի անտառտնտեսության ավագ անտառապետ Գագիկ Ամիրյանի, միայն ճգնաժամը չի եղել սրա պատճառը: Մեծ է եղել և այժմ էլ մեծ է շինափայտի դեֆիցիտը: Մասնագետի խոսքով, ներկայիս վիճակը չի կարելի համեմատել 90-ականների հետ, սակայն, միևնույն է, անտառը շարունակվում է հատվել: «Ասել, որ հիմա դադարել են ապօրինի ծառահատումները, սխալ կլինի: Եթե այն ժամանակ, ենթադրենք, 100 ծառ է եղել, որից հատվել է 50-60-ը, հիմա, պատկերացրեք, մնացել է 30 ծառ, և եթե անգամ մեկ հատ ծառ է կտրվում՝ տեղը երևում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անտառապետը:
2010 թ. Գուգարքի անտառտնտեսությունում 19 անտառախախտման արձանագրություններից 10-ն ուղարկվել է ոստիկանության Գուգարքի բաժին (328 ծառ), ևս 9-ը՝ Լոռու մարզի բնապահպանական տեսչություն: Կարգազանցները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Երեք ապօրինի ծառահատման դեպքերի արդյունքում հարուցված վարույթներով 2 մլն դրամ է մուտքագրվել` անտառին հասցված վնասը վերականգնելու համար:











































