«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից է: Այս հարցի վերաբերյալ Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը բավականին հստակ է. ցանկացած վիճելի հարց պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով՝ ուղիղ երկխոսության միջոցով», – հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ հանրապետության ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Regnum-ը` հղում անելով սեփական թղթակցին:
Բակո Սահակյանը նշել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց՝ լինի քաղաքական, ռազմական, թե մարդասիրական:
Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Միևնույն ժամանակ, ընդգծել է պաշտոնյան, «խոսք չի կարող լինել մեր անկախության և անվտանգության անգամ փոքր ինչ թուլացման մասին»: «Մեր ազգի համար դրանք բացառիկ արժեքներ են և ենթակա չէ քննարկման», – ասել է ԼՂՀ նախագահը:
Բակո Սահակյանը հակամարտության լուծմանը կից արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է համարում ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը:









































