Կիրակի օրը Դամասկոսում սիրիայի ընդդիմադիր ուժերը ՄԱԿ և ԱՊԼ հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիին կոչ են արել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս հրավիրել:
«Նման կոնֆերանսի նպատակը,- նշվում է դամասկոսյան հանդիպման շրջաբերականում,- Սիրիայում կառավարման ժողովրդավարական և պլյուրալիստական համակարգին անցնելու ճանապարհների մշակումն է»:
Կոնֆերանսի մասնակիցները նախագահ Բաշար Ասադին և զինված ընդդիմությանը կոչ են արել արաբական և միջազգային վերահսկողությամբ անհապաղ դադարեցնել բռնությունները:
Փաստաթղթում նշվում է, որ «ցանկալի փոփոխությունները» չեն կարող սիրիացի ժողովրդի վզին դրսից փաթաթվել: Իր ճակատագիրը ժողովուրդն ինքը պետք է որոշի:
Կոնֆերանսի աշխատանքին, որը տեղի է ունեցել Սիրիայում հանուն ժողովրդավարական փոփոխությունների ազգային համակարգող հանձնաժողովի նախաձեռնությամբ, մասնակցել են 15 ընդդիմադիր ներքին կուսակցություններ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք շարժումներ:











































