Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են արաբական երկրներում տեղի ունեցող դեպքերին և համապատասխան հետևություններ անում,- գրում է Независимая Газета-ն:
Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը Եգիպտոսում ներդրումներ է ունեցել նավթարդյունահանման բնագավառում, և մտադիր է եղել ընդլայնել գործունեությունը, սակայն հեղափոխությունից հետո ընկերությունը սպասում է կայունության հաստատմանը՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համագործակցությունը այլ երկրների, մասնավորապես Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի հետ:
Հոդվածագիրը կարծում է, որ այդ երկրների հետ համագործակցությունում Ադրբեջանը լուրջ խնդիրներ չունի: Մասնավորապես, Բաքուն մտադիր է երկու անգամ ավելացնել գազի առաքումները Ռուսաստան և երկարատև առաքումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել Իրանի հետ: Իսկ Թուրքիայի և Վրաստանի հետ ոչ միայն պայմանավորվածությունները իրականացվում են, այլև նպատակ կա այդ երկրների ենթակառուցվածքների միջոցով դուրս գալ այլ երկրների շուկաներ: Այստեղ խոսքը Եվրամիության, ինչպես նաև Ուկրաինայի, Բելառուսի և Բալթյան երկրների մասին է: Այս բոլոր երկրներում ինտենսիվ բանակցություններ են ընթանում, որոնք ստեղծված պայմաններում կարող են ավելի արագանալ: