Ազգային ժողովում ՀՀ նախագահի նորանշանակ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի՝ անցած շաբաթ արած հայտարարությունը բավականին անհանգիստ վիճակ է առաջացրել խորհրդարանում:
Հիշեցնենք, որ վերջինս լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե «ինքը ներկայացնելու է ՀՀ նախագահի տեսակետները ԱԺ-ում, և այդ նպատակով ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, որովհետև աշխարհի այն երկրներում, որտեղ կա նախագահի ներկայացուցչի ինստիտուտը, նախագահի ներկայացուցիչն ունի արտահերթ ելույթի իրավունք»… «Երկրորդ՝ իմ գործառույթների մեջ մտնելու է կառավարության և պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը, ապրոբացնելը և միջնորդավորված ձևով նախագահի անունից օրենսդրական գործառույթների իրականացումը… Ես հետևելու եմ մամուլի հրապարակումներին, նաև հանդիպումներ եմ ունենալու հանրության տարբեր շրջանակների հետ և նրանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին փորձելու եմ տալ օրենսդրական լուծումներ և այդ առաջարկությունները ներկայացնելու եմ ՀՀ նախագահին»,- հայտարարել էր Վիկտոր Դալլաքյանը…
Դալլաքյանի այս հայտարարությունը կամ ցանկությունը, մեղմ ասած, սիրով չի ընդունել ԱԺ ղեկավարությունը: Մինչև այժմ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչը նման լիազորություններ չի ունեցել: Նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը ցանկացել է գոնե ելույթ ունենալու իրավունք ստանալ, բայց ԱԺ-ն և խորհրդարանում ՀՀԿ ղեկավարությունը չեն համաձայնել: Ու քանի որ Գառնիկ Իսագուլյանն այնքան էլ նախագահ Սերժ Սարգսյանի համար վստահելի չի եղել, նա այդպես էլ չի կարողացել այդ հնարավորությունը ձեռք բերել: Իսկ Վիկտոր Դալլաքյանն արդեն իշխող Հանրապետականի անդամ է, հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ, կարողացել է այդ հարցը լուծել:
Իսկ ի՞նչ է նշանակում ԱԺ-ում նախագահի ներկայացուցչի նման լիազորություններ տալը: Նախ` նշենք, որ այլ երկրներում նույնպես ընդունված է, որ նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում արտահերթ ելույթի իրավունք ունենա և ներկայացնի նախագահի տեսակետը քննարկվող ինչ-որ օրենսդրական ակտի վերաբերյալ: Սակայն դա երբեմն կարող է ընկալվել որպես օրենսդրական նախաձեռնություններում նախագահի կողմից միջամտություն, և դրա արդյունքում ետին պլան կմղվի ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության տեսակետը: Իսկ օրենսդրական քննարկումների ժամանակ առանձին պատգամավորներից զատ տեսակետներ են արտահայտում նաև խմբակցությունները: Ինչ վերաբերում է օրենսդրական նախաձեռնություն անելուն, ապա դա հակասում է մեր երկրի մայր օրենքին: ՀՀ Սահմանադրությամբ օրենսդրական նախաձեռնություն անելու իրավունք ունեն միայն պատգամավորները և կառավարությունը: Եթե նախագահը կամ ԱԺ-ում նրա ներկայացուցիչը ցանկանան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, ապա դրա համար անհրաժեշտ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, ինչն առայժմ քիչ հավանական է: Բայց՝ «իմ գործառույթների մեջ մտնելու է միջնորդավորված ձևով նախագահի անունից օրենսդրական գործառույթների իրականացումը», ասել է Վիկտոր Դալլաքյանը…
Ի՞նչ է նշանակում «միջնորդավորված ձևով նախագահի անունից օրենսդրական գործառույթների իրականացումը»: Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում ընդամենը հաստատեց իր այդ մտադրությունները, սակայն չցանկացավ ավելին ասել: Նրա խոսքերով, կգա ժամանակը՝ կիմանանք: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նախագահի կամ Վիկտոր Դալլաքյանի ցանկացած օրենսդրական նախաձեռնություն կարող են ներկայացնել պատգամավորների կամ կառավարության միջնորդությամբ: Բայց չէ՞ որ դա միշտ էլ արվել է նույն կառավարության և պատգամավորների միջոցով: Ուրեմն ի՞նչ կարիք կա նման փոփոխություն անել, եթե, իհարկե, այն արվի: Ամեն դեպքում, Վիկտոր Դալլաքյանի այդ հայտարարությունը միանշանակ չի ընդունվել խորհրդարանում:
Որոշ տեղեկությունների համաձայն` Հովիկ Աբրահամյանը դա ընկալել է Դալլաքյանի կողմից իր գործունեությունը վերահսկելու կամ ԱԺ գործունեությանը միջամտելու քայլ և փորձում է ամեն ինչ անել վերահաս փոփոխությունը կանխելու համար: Սակայն եթե Վ. Դալլաքյանը հայտարարել է այդ մասին, ուրեմն նա կփորձի դա տանել մինչև վերջ: Եվ ոչ միայն՝ դա նաև նշանակում է, որ նա այդ մասին արդեն խոսել է Սերժ Սարգսյանի հետ ու ստացել է նրա համաձայնությունը: Մնում է սպասել այդ նախաձեռնության իրականացման գործընթացին: Իսկ եթե նախագահի ներկայացուցիչն է այդ մասին բարձրաձայնում, դա կարելի է ընկալել որպես նախագահի խոսք: Եվ ԱԺ-ում եթե որևէ մեկը ընդդիմանա այդ փոփոխությանը, կստացվի, որ ընդդիմանում է նախագահի ցանկությանը: Բնականաբար, իշխող ՀՀԿ-ում կամ կոալիցիայում որևէ մեկը չի համարձակվի ընդդիմանալ: Ընդ որում` այդ նախաձեռնությանը թաքնված դիմադրություն կարող են ցուցաբերել հիմնականում նույն ՀՀԿ-ում: Մյուս խմբակցությունների, նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների համար դա կարող է միևնույն լինել, քանի որ այդ մի ելույթը կամ «միջնորդավորված օրենսդրական գործառույթները», նրանց գործունեության վրա, մեծ հաշվով, չեն ազդի: Միևնույն է, կառավարության կամ իշխող կուսակցության խմբակցության կողմից ներկայացված նախագծերը կընդունվեն, քանի որ նրանց ներկայացուցիչները խորհրդարանում մեծամասնություն են կազմում: Ուրեմն Վիկտոր Դալլաքյանի այդ նախաձեռնությունը կարող է նյարդայնացնել հիմնականում Հովիկ Աբրահամյանին և նրա ազդեցության տակ գտնվող պատգամավորներին:
Ամեն դեպքում, ի՞նչ են մտածում շուտով նախաձեռնություն դառնող այդ հայտարարության մասին: Իսկ այն, որ այդ հայտարարությունը նախաձեռնություն կդառնա` կարելի է չկասկածել: ԱԺ-ում հաստատ կգտնվեն պատգամավորներ, որոնք այդ օրենսդրական փոփոխությունն իրենց անունից կներկայացնեն, հակառակ դեպքում դա կարվի կառավարության կողմից: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե քանի դեռ նախաձեռնությունը չկա, այդ մասին քննարկում չի եղել թե՛ խմբակցությունում, թե՛ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ ամենայն հավանականությամբ կքննարկվի այն: ԱԺ նախագահն, իհարկե, կփորձի նախագահի կամ իր ազդեցության տակ գտնվող պատգամավորների միջոցով մեղմել Վիկտոր Դալլաքյանի ցանկությունները: Կարող է այն ներկայացնել որպես խորհրդարանական մեծամասնության կարծիքը ետին պլան մղելու կամ որևէ նախագծի մասին արտահայտած կարծիքը՝ որպես նախագիծը փոփոխության ներկայացնելու անուղղակի առաջարկ: Ամեն դեպքում սպասվում է, որ խորհրդարանում բավականին ինտրիգներ կհյուսվեն և կրքեր կթեժանան այս հայտարարության արդյունքում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի











































