21 տարի անց Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» գողացված նկարը մի քանի շաբաթից կլինի Երևանում: Այս մասին «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում ասաց արվեստաբան, Այվազովսկու մասին գրքերի հեղինակ Շահեն Խաչատրյանը:
1990թ. Հայաստանի «ԱՕՔՍ»-ի ցուցասրահից Այվազովսկու նկարը գողացվել էր: Արվեստաբանի հաղորդմամբ, նկարը գտնվելուց հետո տեղափոխվել և այժմ գնտվում է Մոսկվայի քննչական վարչությունում:
Շահեն Խաչատրյանը պատմեց, որ ինքն անձամբ է գնացել Մոսկվա և ներկայացրել անհրաժեշտ փաստերը նկարի գողացման մասին, որից հետո հաստատվել է, որ նկարը գողացված է:
Արվեստաբանը նշեց, որ նկարը շատ քիչ է վնասվել. գողանալու ժամանակ այն դանակով կտրել էին և առանց շրջանակի տարել սրահից:
«Մոսկվայում նկարի վաճառքը որոշվել էր սկսել 600 հազար դոլարից, բայց գինը կարող էր հասնել անգամ մեկ միլիոնի»,- նշեց արվեստաբանը:
1875թ. ստեղծված կտավը մի քանի շաբաթ հետո կբերվի Հայաստան: