Սերժ Սարգսյանի կառավարական խորհրդակցությունը հուշում է, որ Սարգսյանը պատրաստվում է բավական ագրեսիվ, գուցե նաև նախահարձակ նախագահական ընտրարշավի: Նա կարծես թե այլ ելք չունի էլ. կա՛մ ինքն է գրոհում, կա՛մ գրոհում են իրեն:
Երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանի մոտ լուրջ ռեսուրսների ակնհայտ սղություն է, քանի որ չնայած, ըստ էության, լուրջ հրապարակային մրցակցի բացակայությանը, նա այնուհանդերձ ստիպված է լինելու ավելի շատ ներքին դավադրությունների և ինտրիգների ալիքին հակադարձել: Իսկ այդտեղ արդեն Սերժ Սարգսյանի ամենաարդյունավետ գործիքը կարող էր լինել հասարակական աջակցությունը: Նա հասկանում է այդ ամենը, և ըստ էության նմանօրինակ քայլերով փորձում է հենց ապահովել նման աջակցություն, որպեսզի կարողանա ներիշխանական սաբոտաժների, դավադրությունների և ինտրիգների վրա հույս դրած իր մրցակիցներին պատասխանել: Սակայն ակնհայտ է նաև, որ Սերժ Սարգսյանը նման միջոցներով անկարող է իր համար ապահովել հասարակական գործուն աջակցություն, որովհետև Հայաստանի քաղաքացիները վաղուց արդեն դատում են գործով, ոչ թե խոսքով: Իսկ Սերժ Սարգսյանն էլ վաղուց արդեն խոսքն է դարձրել իր գործը, ինչը միանգամայն անբավարար է Հայաստանի հասարակության զգալի մասի համար, որը քսան տարի շարունակ հիմնականում հենց միայն խոսքերով է կերակրվում, իսկ վերջին չորս-հինգ տարում բացառապես խոսքերով՝ ուրիշ ոչ մի էական բան:
Մյուս կողմից, սակայն, Սերժ Սարգսյանն այլ ելք չունի, որովհետև ներքին դաշտում պատասխանների վրա հույս դնելը ռիսկային է և կարող է նրա համար տապալել 2013 թվականի ընտրությունները և ամեն ինչ ավարտել նոր Մարտի 1-ով, երբ Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը կարող է կամ ընդհանրապես չլինել, կամ լինել առավել մղձավանջային թե՛ իր, թե՛ նաև միևնույն ժամանակ պետության համար, քան առաջին նախագահական հնգամյակը: Այդ իսկ պատճառով Սարգսյանին մնում է գրոհել, և շաբաթ օրը, այսինքն` սեպտեմբերի 15-ին, նա, ըստ էության, սկսեց այդ գրոհը: Սակայն ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն սկսեց յուրայինների վրա գրոհով: Նա կշտամբեց Տիգրան Սարգսյանին և այն կառավարությանը, որն ինքն էր նշանակել:
Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը դիտվում է, այսպես ասած, հակամոնոպոլ և հակաօլիգոպոլ քաղաքականության խորհրդանիշ: Հայտնի է նաև, որ Տիգրան Սարգսյանից դժգոհ են գրեթե բոլոր օլիգարխները: Եվ ահա, Տիգրան Սարգսյանին նախատելով` Սերժ Սարգսյանը, փաստորեն, կամա, թե ակամա շարժվում է օլիգարխների կամքով: Իհարկե, միևնույն ժամանակ Սարգսյանի նման պահվածքը միտված է Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականության արդյունքներից դժգոհ հասարակության սիրտը հովացնելուն: Այսպիսով, Սերժ Սարգսյանը կարծես թե միաժամանակ երկու նապաստակ է փորձում խփել` փորձելով ինքզինքը պահել անվնաս: Հնարավո՞ր է արդյոք այդ տարբերակը: Թերևս ոչ, որովհետև առնվազն հասարակության մասով պահանջվում է ավելին: Մարդիկ կարող են մի քանի օր հովանալ Տիգրան Սարգսյանին ուղղված նրա քննադատությամբ, սակայն հետո պետք է մտածեն՝ «և ի՞նչ»: Մինչդեռ, Հայաստանում խնդիրները հիմնարար են ու այդ «ի՞նչ»-ին պատասխանելու համար Սերժ Սարգսյանը ստիպված պետք է լինի մյուս հարվածը հասցնել օլիգարխներին: Միգուցե դրա համար է նա պահել Ռուբեն Հայրապետյանին` որպես ցուցադրական թիրախ, հանրությանը գոհացնելու համար: Սակայն այս մասով էլ խնդիրը հազիվ թե հանրությանը բավարարի միայն Հայրապետյանով, որովհետև խնդիրները ներկայումս շատ-շատ են, և միայն Հայրապետյանը շատ քիչ է դրանց թողած ծանր տրամադրությունը մեղմելու համար:
Ավելին` հենց միայն Հայրապետյանն ինքը այնպիսի ծանրություն է թողել հասարակության տրամադրության վրա այս տարիների ընթացքում, որ ինքը միայնակ անգամ իր ծանրությունը չի կարող հանել: Մինչդեռ, այդպես է բոլոր օլիգարխների պարագայում, գրեթե անխտիր: Նրանք բոլորը հանրության վրա իրենց «քաշից ավելի» բեռ են բարդել՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, Հովիկ Աբրահամյան, Սաշիկ Սարգսյան և այլ կարկառուն անուններ, որոնք միմյանց միջև բաժանել են և բաժանում են Հայաստանի ազգային հարստությունն ու պետական ռեսուրսները: Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը՝ այդ խմբո՞ւմ, թե՞ դրանից դուրս: Այդ հարցի պատասխանը պետք է կազմի նրա նախագահական նախընտրական արշավի առանցքը: Այնպես որ, Սերժ Սարգսյանը հասարակական քիչ թե շատ առարկայական աջակցության համար պետք է շատ ավելի ծանրակշիռ մի քանի քայլ անի, քան Տիգրան Սարգսյանի վրա մատ թափ տալը:
Սարգսյանն, իհարկե, մեղմ ասած անարդյունավետ վարչապետ է և ավելի շատ խոսում էր, քան խոսքը վերածում շոշափելի գործի, բայց մյուս կողմից, բոլորն են հասկանում, որ վարչապետը Հայաստանում այնքան էլ վճռորոշ կարգավիճակ չէ՝ ելնելով ներկայիս չգրված իրողություններից: Հետևաբար, երևի թե չի ստացվի ամեն ինչ բարդել Տիգրան Սարգսյանի վրա, որովհետև քաղաքացիները ներկայումս մի քիչ ավելի շատ բան են հասկանում իշխող համակարգի կառուցվածքից, մի քիչ ավելի շատ են ինֆորմացված, քան մի քանի տարի առաջ: Այնպես որ, Սերժ Սարգսյանի գրոհը պետք է շարունակություն ունենա, և այդ շարունակությունը պետք է լինի օլիգարխիայի մասով, հակառակ պարագայում գրոհը կտրանսֆորմացվի նետված բումերանգի և թիրախը խոցելու փոխարեն կամ դրա հետ մեկտեղ՝ կխոցի նետողին:









































