Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ արդեն մեկ տարուց կկարողանա համերկրացիներին շնորհավորել իրանական միջուկային խնդրի լուծման առնչությամբ: Նեթանյահուն խոսել է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասին, խոստովանել, որ Իրանի հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունեն, սակայն հերքել է Օբամայի վերընտրման շանսերը նվազեցնելու վերաբերյալ այդ թեմայի չարաշահման մեղադրանքները:
«Ազգային առումով գլխավոր բանը, որի համար զղջում եմ, այն է, որ մենք դեռ չենք կանգնեցրել Իրանին: Մենք շատ բան ենք արել, սակայն այդ նպատակին դեռևս չենք հասել: Երբ հաջորդ տարի ինձնից հարցազրույց վերցնեք, հուսով եմ` կկարողանամ Ձեզ այլ պատասխան տալ»,- ասել է Նեթանյահուն հրեական նոր տարվա` Ռոշ խա-Շանայի կապակցությամբ:
«Իրանին կանգնեցնել ցանկացող միջազգային հանրությունը պետք է խոստավանի, որ իրանցիներն առանց խոչընդոտի իրականացնում են ռազմամիջուկային ծրագիր` չնայած տնտեսական կոշտ պատժամիջոցներին: Կարմիր գծերը պետք է ուրվագծել այնպես, որ Իրանը հասկանա իր քայլերի հետևանքները»,- ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի խոսքով` ինքը հավատում է Իրանին կանգնեցնելու ԱՄՆ-ի ձգտման անկեղծությանը, սակայն քանի որ Վաշինգտոնը սպառնալիքի աղբյուրից 3000 մղոն հեռու է գտնվում, խնդրի որոշ ասպեկտներ այնտեղից այլ կերպ են դիտարկվում:
Տեղական ԶԼՄ-ները հաստատում են, որ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես են գալիս Իրանի միջուկային օբյեկտներին ինքնուրույն հարված հասցնելու օգտին, սակայն երկրի քաղաքական ղեկավարության շրջանում և ռազմական հրամանատարության մեջ միաձայն աջակցություն չեն գտնում:










































