Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ-ում քննադատում էր կոալիցիոն հայտարարությունները և ներքաղաքական իրավիճակը, սակայն նրան թույլ չտրվեց հայտարարությունը մինչև վերջ ընթերցել։ Դրանից հետո խմբակցության պատգամավորները անակնկալ կերպով լքեցին ԱԺ դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն ասաց, որ կուսակցության և վարչության համատեղ նիստում նրանք որոշում են կայացնելու հետագա գործողությունների վերաբերյալ. հավանական է, որ նրանք բոյկոտեն ԱԺ նիստերը: Քիչ առաջ Ստեփան Սաֆարյանի աշխատասենյակ մտան ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը: Մեր հարցին՝ ՀՅԴ-ի հետ համաձայնեցվա՞ծ է այս քայլը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, թե նիստից առաջ տեղյակ են պահել իրավիճակի մասին:
Վահան Հովհաննիսյանը, գնահատելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պահվածքը, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ այդ պավածքը ճիշտ է համարում, սակայն իրենք կմիանան նրանց, թե ոչ՝ դեռևս պետք է քննարկեն:










































