Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երեկ լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է կառուցապատողների 10-հոգանոց ցուցակ, որոնք ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ և պայմանագրերով սահմանված ժամկետներում չեն իրականացրել: Ասել է թե` փողատերերը հողեր կամ շինություններ են վերցրել, որպեսզի բարեկարգեն տարածքը, սակայն դրանք դարձրել են հավերժ շինհրապարակ: Կազմակերպություններին առաջարկվել է մեկամսյա ժամկետում ներկայացնել հստակ ժամանակացույց ծրագիր` կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ: Հակառակ դեպքում այդ տարածքները կճանաչվեն որպես բացառիկ գերակա հանրային շահ` վերադարձվելով պետությանը:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ կիսակառույց շինություն ունի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը, որը 1857 քմ տարածք է զբաղեցրել Աբովյան հ 5/5 հասցեում: Քաղաքապետարանի «սև ցուցակում» է նաև «Ավանգարդ մոթորս» ընկերությունը, որը քանդեց Երևանի խորհրդանիշ Երիտասարդական պալատը` «կուկուռուզնիկը», սակայն տեղում ոչինչ չի կառուցել: Ինչ խոսք, քաղաքապետարանը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել, սակայն հաշվի առնելով մինչ այս եղած նախադեպերը` արդեն կարելի է կանխատեսել, թե ինչ կլինի մեկ ամիս հետո:
Թերթը հիշեցում է, որ դեռեա 2008-ին ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը խորհրդարանի ամբիոնից բսւրձրաձայնեց, որ մի շարք շինություններ, այդ թվում Երևանի թիվ 29 դպրոցի հարևանությամբ կառուցվող 9-հարկանի շենքը, «Հին Էրիվան» ռեստորանին կից ապակեպատ կցակառույցը և այլն, ապօրինի են: ՀՀ քաղաքաշինության նախարարն էլ երկրի թիվ մեկ ամբիոնից խոստացավ քանդել դրանք: Եվ ի՞նչ` դրանք իրենց տեղում են»:










































