Վաշինգտոնի ազգային օպերայի նոր գեղարվեստական ղեկավարը 2013 թվականի հունվարի 1-ից կլինի Ֆրանչեսկա Ձամբելոն, հաղորդվում է օպերայի կայքում: Վերջին երկու տարիներին Ձամբելոն համագործակցել է օպերայի հետ որպես գեղարվեստական հարցերով խորհրդական:
Ձամբելոն հայտարարել է, որ շատ ուրախ է Վաշինգտոնի ազգային օպերան ղեկավարելու համար և խոստացել է շարունակել նախորդների գործը. «Ես պատրաստակամությամբ եմ ընդունում այս հրավերը և մոտ ամիսների ընթացքում նախատեսում եմ իմ ծրագրերի մասին առավել մանրամասն խոսել»,- հայտարարել է նա:
Ֆրանչեսկա Ձամբելոն օպերայի գեղարվեստական հարցերով խորհրդական եղել է 2011 թվականին, այն բանից հետո, երբ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողեց հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոն, որն այդ պաշտոնում աշխատել է 15 տարի:
Ֆրանչեսկա Ձամբելոն աշխարհում հայտնի օպերային ռեժիսոր է: Նա ներկայացումներ է բեմադրել Մետրոպոլիտենում և Փարիզի օպերաներում:











































