Telegraph պարբերականից տեղեկանում ենք, որ անգլիական «Չելսի»-ի պաշտպան Էշլի Քոուլը ոչ մարտական հրացանով պատահաբար կրակել է ակումբի աշխատակիցներից մեկի վրա և վիրավորել նրան: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի հարևանությամբ գդնվող Քոբհեմ քաղաքի «Չելսի»-ի մարզաբազայում: Քոուլը, չիմանալով որ հրացանը լիցքավորված է, քաշել է ձգանը և վիրավորել իրենից 1.5 մետր հեռավորության վրա գտնվող 21-ամյա Թոմ Քոունին: Թիմի բժիշկները տեղում բուժօգնություն են ցույց տվել երիտասարդին:
Անգլիայի հավաքականի պաշտպանն արդեն քննարկել է կատարվածը «Չելսի»-ի ղեկավարության հետ և ներողություն խնդրել: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: News of the World-ի հաղորդմամբ ֆուտբոլիստին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, ինչպես նաև տուժողն իրավունք ունի Քոուլից պահանջել ահռելի քանակությամբ գումար, որպես մարմնական և բարոյական վնասի փոխհատուցում: