12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովի մեկնարկով Հայկական ակնաբուժության նախագիծը ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ սկսում է նոր ծրագիր` «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն», ինչպես նաև ամփոփում է 20-ամյա գործունեության արդյունքները:
12-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը բացվել է ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Ընթերցվել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին:
Երկօրյա համաժողովի մասնակիցներն ակնաբուժական ոլորտի անվանի փորձագետներ են ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից, Կովկասից, Միջին Ասիայից, ինչպես նաև բազմաթիվ ակնաբույժներ, ակնաբուժական հիմնարկների ղեկավարներ, նեոնատոլոգներ, նեոնատալ բուժքույրեր և հարակից ոլորտների այլ մասնագետներ Հայաստանից:
Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ մեկնարկող «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակներում` ՀՀ առողջապահության նախարարության և «Գեբաուեր» շվեյցարական հիմնադրամի աջակցությամբ:
Համաժողովի առաջին օրը նվիրված է եղել ¬¬մանկական կուրության կանխարգելման և անհասության ռետինոպաթիա (ԱՌ) հիվանդության դեմ պայքարի խնդիրներին, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքներին:
Գերազանցության կենտրոնի առաքելությունն է կանխարգել մանկական կուրությունը` ձևավորելով ակնաբուժական մասնագիտացված կարողություն Հայաստանում և տարածաշրջանում: Կենտրոնը նաև ծառայելու է տարածաշրջանում բժիշկների միջև գիտելիքների փոխանակմանը և հմտությունների կատարելագործամը:
«ՀԱՆ-ին ընձեռնվել է հիանալի հնարավորություն առաջինը տարածաշրջանում հիմնել մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն: Ըստ նախնական պայմանավորվածության` կենտրոնը որպես այդպիսին կսկսի գործել մեկ տարվա ընթացքում` նորածինների վերակենդանացման Հանրապետական բաժանմունքում»,- ասել է ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Սկզբնապես Գերազանցության կենտրոնը կենտրոնանալու է ԱՌ և նմանատիպ հիվանդությունների հետևանքով մանկական կուրության կանխարգելման բուն խնդիրների վրա: Այս նպատակին հասնելու համար աշխատանքներ են իրականացվելու նորածնային խնամքի ոլորտը բարելավվելու և ՀՀ մարզերի հետ համագործակցությունը ամրապնդվելու շուրջ:
Համաժողովի երկրորդ օրը (սեպտեմբերի 15-ը) նվիրված է լինելու ՀԱՆ-ի 20-ամյա հոբելանին: Մասնակիցները ներկայացնելու են Հայաստանի և ԱՄՆ ակնաբույժների սերտ համագործակցության շնորհիվ ստացված ազդեցիկ ձեռքբերումները, ինչպես նաև խոսելու են ՀԱՆ-ի բազմաթիվ հովանավորների, գործընկերների, Աչքի շարժական հիվանդանոցի աշխատանքների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի օգնել բազամահազար թվով մարդկանց Հայաստանում: Կլինեն նաև գիտական և վիճակագրական հետաքրքիր ելույթներ:
Հատուկ այս առիթով ՀԱՆ-ը հրատարակել է հոբելյանական գրքույկ «Հիշարժան պահեր` 20 տարի լույս հայի աչքերին», որին հնարավոր է ծանոթանալ նաև օնլայն www.aecp.am վեբ-կայքում` http://www.eyecareproject-armenia.com/files/AECP-20-years-Arm.pdf










































