Երեկ` ժամը 23:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրեց որոշում, որով բավարարվեց Տիգրան Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ԱԱԾ քննիչի որոշումը:
Դատական նիստի ընթացքում դատարանի շենքի առջև տեղի էր ունենում բողոքի ցույց, որի բազմաթիվ մասնակիցները իրենց աջակցությունն էին հայտնում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը:
Դատարանի որոշումը, ի թիվս բազմաթիվ այլ դրույթների, հակասում է ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածին, որում ասվում է, որ մեղադրյալին կարելի է կալանավորել, միայն եթե իրական վտանգ կա, որ նա կխոչնդոտի արդարադատությանը, կամ կկատարի հանցագործություն: Բացի այդ, համաձայն նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի Տիգրան Փոստանջյանին ներկայացվող մեղադրանքով քրեական գործի վարույթը պետք է վարեն ՀՀ Ոստիկանության քննիչները, երբ այն վարում են ԱԱԾ քննիչները:
Վերջին փաստը ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Տիգրան Փոստանջյանի հետապնդումները հրահանգված են իշխանական ամենաբարձր ատյաններից և որ դրանց իրականացման համար բավարար չէին ոստիկանապետական մեթոդները, այլ պետք էին առավել կոշտ ու օրենք առհամարող` ստալինա-դերժինսկիական մեթոդներ:
Տեղի ունեցողը բացառապես քաղաքական վենդետտա է Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նկատմամբ, իսկ Տիգրան Փոստանջյանը քաղաքական պատանդ է: Սակայն վարչակարգի այս քստմնելի ջանքերը սին են. մենք միայն չենք գնալու որևէ զիջման, այլև շարունակելու ենք պայքարը հանուն Հայաստանի ժողովրդավարացման եւ ազգային խնդիրների լուծման:
«Ժառանգություն» կուսակցություն