«Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի լավ. թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար … և ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես»,- «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված արդեն հանրահռչակ հարցազրույցում ասել էր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո): «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո հայտարարեցին, թե Հայրապետյանի և Ծառուկյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, և «Ռուբեն Հայրապետյանը վստահեցրել է, որ ինքը ոչ կոռեկտ որևէ արտահայտություն, որևէ ձևակերպում ոչ «Բարգավաճ Հայաստանի», ոչ Գագիկ Ծառուկյանի հասցեին չի արել, և տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը»:
Եթե ԲՀԿ-ականները հավատացել են Հայրապետյանի հավաստիացումներին, ապա ստացվում է, որ ըստ նրանց` ամսագրի թղթակիցն է խեղաթյուրել Հայրապետյանի ասածը: «Ես որևէ բան ապացուցելու խնդիր չունեմ: Ձայնագրությունը կհրապարակեմ, միայն այն դեպքում, երբ լինի դատարանի որոշում»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հարցազրույցի հեղինակ Սեդա Մավյանը: Իհարկե, այլ պատասխան սպասել լրագրողից պետք չէր: Հավատալ Ռուբեն Հայրապետյանին և կասկածի տակ դնել Սեդա Մավյանի պրոֆեսիոնալիզմն ու ազնվությունը, կարող են միայն նրանք, ովքեր բոլորովին չեն ճանաչում ո’չ Հայրապետյանին, ո’չ էլ Մավյանին: Վերջինս, անկասկած, տառացիորեն է հրապարակել հարցազրույցը և նույնիսկ ստորակետի շեղում թույլ չի տվել: Բոլորովին այլ խնդիր է, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը պարզապես «ուզում է հավատալ» Հայրապետյանի հավաստիացումներին: Պարզապես, եթե չհավատա Հայրապետյանին, ապա Հայաստանում քաղաքական նոր զարգացումներ կարող են լինել: Կարող է փոխվել քաղաքական «ռասկլադը»… և ակնհայտ է, որ սա չափազանցություն չէ:
«ՀԺ»-ն գրումէ, որ խնդիրն այն է, որ երբ ասվում է, թե Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգ է գործում, ոմանց դա չափազանցություն է թվում: Բայց հենց այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է այդ պնդման բացարձակ ճշմարիտ լինելը: Օլիգարխների անձնական հարաբերությունների վրա կառուցված է մի ամբողջական կուռ համակարգ: Եվ եթե երկու օլիգարխներ, քաղաքական բառապաշարով ասած, «վիճեն» միմյանց հետ, այդ ամբողջ համակարգը կարող է քանդվել կամ առնվազն վերադասավորվել: Այս իրավիճակը հենց այդ նույն օլիգարխների համար ահագին վտանգավոր է: Ու հենց դա է պատճառը, որ Հայրապետյանը հեռախոսով պետք է «հավաստիացնի», թե չի ասել «Դոդի Գագո», իսկ Ծաոուկյանն էլ պետք է «հավաստիանա»: Պետք է` հանուն «ազգային միասնության», հանուն ընդհանուր շահի:
Հայրապետյանը հարցազրույցում ակնհայտ սպառնալիքնեի էր տեղացել «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի մի քանի անդամների, այդ թվում` նաև Գարեգին Չուգասզյանի հասցեին: Վերջինս երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դիմելու է դատարան: ««Բողոքելու եմ վիրավորանքի, զրպարտանքի և սպառնալիքների համար: Երկու քաղաքացիական հայց ենք ներկայացնելու, մեկ` քրեական»,- ասել է Չուգասզյանը:










































