Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գազը Հայաստանի սպառողներին առանց այն էլ բարձր գնով էր տրվում և բարձրացնելու ոչ մի արդարացում ռուսական կողմը չուներ:
«Սահմանի վրա «Գազպրոմը» գազը ստանում է 180 դոլարով, բայց սպառողներին է հասցնում 360-ով, այսինքն` կրկնակի ավել: Եթե համեմատենք մատակարարվող գազի սակագինը Ուկրաինա, Մոլդովա կամ արևելաեվրոպական երկրներ առաքվող գազի սակագնի հետ, ապա այնտեղ գազի գինը սահմանի վրա 250-300 դոլար է, իսկ սպառողներին մատակարարման գինը 20-30 դոլար է, այսինքն` սպառողներին գազը հասնում է առավելագույնը 330 դոլարով»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա գնահատմամբ, իշխանությունների փորձը ներկայացնելու, թե մեր սպառողներին մատակարարվող գազի գինը չբարձրանալը իրենց նվաճումն է, նույն օպերայից է, երբ մարդուն խեղդամահ են անում և միևնույն ժամանակ ասում են, թե խեղդելու համար նախատեսված պարանը չեն հաստացնելու:











































