Սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:
Ոստիկանության պետն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են Տավուշի մարզպետարանի աշխատակիցների, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա բաժինների ղեկավարության ու ծառայողների հետ:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ծառայողներին և մարզպետարանի աշխատակիցներին կոչ է արել համագործակցել միմյանց հետ և համախմբվել այն նպատակի շուրջ, որի վերջնարդյունքը հասարակության բարօրությունն է:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով մարզի ոստիկանների աշխատանքը հանցավորության հակազդման և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ` ոստիկանության պետը կարևորել է անձնական և մասնագիտական որակների կատարելագործման, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման և ամրապնդման անհրաժեշտությունը:
Վլադիմիր Գասպարյանն անձնակազմին հրահանգել է անվերապահորեն կատարել օրենքի պահանջներն ու ծառայողական պարտականությունները, անմնացորդ իրականացնել այն առաքելությունը, որին կոչված է ոստիկանությունը:
Ոստիկանության պետն առանձնապես կարևորել է ոստիկանություն-հասարակություն շփումն ու այդ կապի ամրապնդումը:
Վլադիմիր Գասպարյանի համոզմամբ` օրինապահ, համակեցության կանոնները պահպանող քաղաքացին ոստիկանի մեջ պետք է տեսնի իր անվտանգության և ապահովության երաշխավորին, իսկ իրենց օրենքից վեր դասողները, նրանք, ովքեր փորձում են հարցեր լուծել անօրինական միջոցներով, հանձին ոստիկանի գործ կունենան անաչառ իրավապահի հետ, որը օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում կասեցնելու է ցանկացած իրավախախտում:
Միայն այդ դեպքում, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը, քաղաքացին կհարգի ու կվստահի ոստիկանությանը, ոստիկանի մեջ կտեսնի իր իրավունքների պաշտպանին: Ոստիկանությունն ամեն ինչ անելու է առաջադրված խնդիրները լուծելու համար, բայց և ակնկալում է քաղաքացիների օգնությունն ու օժանդակությունը, հիշեցրեց Վլադիմիր Գասպարյանը:










































