Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեքշաբթի տեղի ունեցած ցույցերից հետո ԱՄՆ-ը Եգիպտոսը չի համարի իր դաշնակիցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք նրանց (եգիպտացիներին.- 1in.am) համարել դաշնակիցներ, բայց մենք նաև նրանց թշնամիներ չենք համարում»,- ասել է նա ամերիկյան MSNBC մալուխային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օբաման նշել է, որ այժմ իրենք պետք է հետևեն, թե ինչպես են նրանք արձագանքում կատարվածին:
«Եթե նրանք նախաձեռնեն գործողություններ, որոնք կվկայեն այն մասին, որ նրանք իրենց վրա այնպիսի պատասխանատվություն չեն վերցնում (դեսպանության և նրա անձնակազմի անվտանգությունն ապահովելու), ինչպես որ անում են բոլոր երկրները, որտեղ մենք դեսպանատներ ունենք, ապա դա մեծ խնդիր կլինի»,- ասել է նախագահը:
Միաժամանակ, ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, թե Վաշինգտոնն անհանգստացած է, որ Մուրսին անմիջապես չի դատապարտել ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը:








































