Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը կազմակերպել է սնունդի տեղափոխում Հյուսիսային Կորեայի հետ ունեցած սահմանից այն կողմ, քանի որ որոշ տվյալներով, Կորեայի հյուսիսային հատվածում մարդիկ սննդի հետ լուրջ խնդիրներ ունեն: Երեկ մենք նույնիսկ տեղեկացրել էինք, որ Հյուսիսայում Կորեայում բախումներ են սկսվել բնակչության և բանակի միջև, քանի որ մարդիկ տառապում են սովից, իսկ նրանց հասանելիք սննդային չափաբաժիններն այս ամիս կրճատվել են:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Հյուսիսային Կորեայում անջատված են արտաքին աշխարհի հետ կապող բոլոր հնարավոր միջոցները: Երկիր այցելած զբոսաշրջիկներին արգելում են զանգել արտասահման:
Տեղեկատվական դաշտի այս շրջափակումը կոտրելու համար Հարավային Կորեայի իշխանությունները նաև սահմանից այն կողմ օդապարիկներով թռուցիկներ են տեղափոխում, որտեղ տեղի բնակչությանը պատմում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխությունների մասին: Այդ թռուցիկներում նաև ուղերձ կա Հյուսիսային Կորեայի իշխանություններին` սեփական քաղաքացիների դեմ բռնություններ կիրառելու անթույլատրելության մասին: