Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին այսօր հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմաս Մելիայի հետ: Հանդիպումից հետո Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Վրաստանի նախընտրական իրավիճակին.
«Մելիայի վրացական այցը ևս մեկ անգամ ընդգծում է, թե Վրաստանում ընտրությունների ժողովրդավարական անցկացմանը որչափ մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ը, անձամբ` Օբաման և Քլինթոնը: Թոմաս Մելիան մեզ խոստացավ, որ կանի ամեն ինչ՝ Վրաստանում արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»:
Նշվում է, որ Իվանիշվիլիի և Մելիայի հանդիպմանը ներկա են գտնվել նաև Դավիթ Ուսուպաշվիլին ու Մանանա Կոբախիձեն: Մելիային ու նրա գլխավորած պատվիրակությանն ուղեկցել է Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Նորլանդը:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 1-ին:










































