Էրդողանի՝ Դամասկոս կատարած այցի ընթացքում քննարկվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ համատեղ պայքարի հարցեր: Քննարկվել է նաեւ գրոհայինների վերադարձի հարցը Սիրիա: Բոլոր նրանց, ովքեր հրաժարվել են բռնություններից եւ հանդիսացել են կամ հանդիսանում Սիրիայի քաղքացի, սիրիական կառավարությունը պատրաստ է հետ ընդունել: «Յուրաքանչյուր երկիր պետք է բացի իր դռները նրանց առջեւ, ովքեր ընդունել են իրենց սխալը եւ ցանկանում են վերադառնալ»,- ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը: Ալ-Ասադի հավաստմամբ, Սիրիան կողջունի ՔԱԿ բոլոր այն անդամների վերադարձը, որոնք վայր են դրել զենքը` ավելացնելով, որ այս հարցը համատեղ լուծվում է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ: «Համաներման ընդունումն ահաբեկչական այդ կազմակերպության անդամների համար կարող է երկարատեւ եւ մշտական պրոցեսի վերածվել: Այս խնդիրը վերաբերում է նաեւ Իրանին եւ Իրաքին», ասել է նախագահը: