ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ Մալթայի և Հայաստանի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպման ավարտից հետո «Տա Կալի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղային մամուլի ասուլիսը: Շնորհիվ Արթուր Սարկիսովի խփած միակ գնդակի Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 1:0 հաշվով:
Հանդիպման ընթացքի և արդյունքի մասին Վարդան Մինասյանը ասել է, որ դժվար հանդիպում էր: Մարզիչը նշել է, որ նման կարգի թիմերի դեմ միշտ էլ դժվար է լինում և պետք է շուտ արդյունքի հասնել, հետագայում խնդիրներ չունենալու նպատակով:
«Չէի ասի, որ մենք լավ էինք խաղում, բայց կարևորը 3 միավորն է», – ասել է Վարդան Մինասյանը:
Անդրադառնալով Արթուր Սարկիսովին և Գևորգ Ղազարյանին վերաբերող հարցերին, Վարդան Մինասյանը պատասախանել է, որ Սարկիսովը այս խաղում գործել է հարձակման աջ եզրում: Դա պայմանավորված էր նրանով, որ Արթուրը իր ակումբում՝ «Վոլգայում», խաղում է այդ դիրքում, բացի այդ հանդիպման հաշիվը պարտադրել էր հարձակվողական ոճի ֆուտբոլիստ ներգրավել խաղի մեջ: Ինչ վերաբերում է Գևորգ Ղազարյանին, ապա Վարդան Մինասյանը հույս է հայտնել, որ Գևորգը կկարողանա մասնակցել Բուլղարիայի հավաքականի հետ խաղին: