Անդրադառնալով Youtube-ում հայտնված տեսահոլովակում ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությանը՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հատկանշական է տեսահոլովակի՝ հոկտեմբերի 27-ին տարածվելը։ Ըստ նրա՝ մեր նոր պատմության ողբերգության օրը մեզ եւս մի դաս տվեցին, եւ չարաբաստիկ «նախագահը» անգամ չզգաց այն, ինչ տեղի ունեցավ։ Ըստ նրա՝ նույն օրը Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները երկու մեծ հարված հասցրին հայոց պետության արժանապատվությանը. «Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ քննարկում է անում հենց հոկտեմբերի 27-ին եւ թափանցիկ ակնարկով հիշեցնում վերջին տասնամյակի որոշ իրադարձութուններ։ Նույն օրը համացանցում հայտնվում է մի տեսահոլովակ՝ սարսափելի իր բովանդակությամբ, երբ հայը դիտելով իրեն պետք է հարցնի՝ ինքն ո˚ւմ է ավելի շատ վստահում՝ իր երկրի նախագահի՞ն, թե՞ Միացյալ Նահանգների փոխնախագահին», -ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նրա խոսքերով, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը համարձակվում է ստի մեջ մեղադրել Միացյալ Նահանգներին։ «Սրա մեջ նորություն չկա, նորությունն այն էր, որ աշխարհը դիտում է մեր պատմությունը եւ հիշեցնում է մեզ մեր իսկ պատմությունը եւ ուժգին ապտակ հասցնում ոչ թե Հայաստանին, այլ հայոց պետականությանը», -ասաց Տիգրան Խզմալյանը։
Նրա խոսքերով՝թուրքերը նույնպես իրենց քայլերը վերջին տարիների կապում են իրենց այս կամ այն պատմական օրվա հետ. լինի Սեւրի պայմանագրի օրը, թե ապրիլի 24-ի նախօրեն։ «Սա մշակույթ է, սա պատմություն է, սա այն մթնոլոտն է, որում մենք ապրում ենք. ուզենք, թե ոչ, եթե դու չունես համապատասխան գիտելիքներ, դու չես համապատասխանում այդ առաքելությանը, ուստի հայոց պետականության համար մեծագույն սպառնալիքը հիմա հանդիսանում է Հայաստանի իշխող «վերնախավը»,-ասել է Տիգրան Խզմալյանը։