Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը Կրետեում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական կոմիտեի նիստը, որի օրակարգի հիմնական նյութը 2013 թ. աշնանը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում տեղի ունենալիք ԵՀԽ գլխավոր համաժողովն էր: Համաժողովն անցկացվելու է «Կյանքի Աստված, ցույց տուր մեզ արդարության և խաղաղության ճանապարհը» խորագրի ներքո:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Փոլա Տեր-Մաթոյանը:
Ժողովի ավարտին տեղի է ունեցել հանդիպում ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի Ուղղափառ անդամների և Գլոբալ քրիստոնեական ֆորումի ներկայացուցիչների միջև, որտեղ տեղեկություններ են փոխանցվել Գլոբալ քրիստոնեական ֆորումի գործունեության և հետագա զարգացման մասին:









































